Մատչելիության հղումներ

Հայաստանում այլևս չկան օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ. Նիկոլ Փաշինյան


Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ, սկսած 1991 թվականից, չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ, ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընգծել է մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, Հայաստանում այլևս չկան տնտեսական մենաշնորհներ։

«Երևանում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության մեջ ամենից ազատը։ Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տնտեսական անկում։ Հակառակը՝ ցուցանիշներն ավելի շուտ դրական են. կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաև ավանդների տեսքով։ Մենք հաջողել ենք կյանքի կոչել դեմոկրատական կառավարման մի նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում», - ասել է վարչապետը։

Օրաթերթի հարցին, թե Փաշինյանն ընտրվել է խորհրդարանի կողմից՝ ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշռում են Սերժ Սարգսյանի՝ նախկին իշխանության պատգամավորները, արդյո՞ք դա տևական կարող է լինել, վարչապետը պատասխանել է. - «Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում և՝ իմ։ Բայց նախկին ռեժիմը հարկադրված էր տեղի տալ։ Ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, և դա իսկական սև կետ է մեր քաղաքական իրականության համար։ Բայց պետք է դիտարկել իրավիճակն իր դինամիկայի մեջ։ Իմ ընտրվելուց քսան օր անց խորհրդարանը քվեարկեց կառավարության ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում։ Այդ որոշումը պիտի ի կատար ածվի, և եթե խորհրդարանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի։ Մեր ընդդիմախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ։ Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, և ժամանակն աշխատում է մեր օգտին», - ասել է Փաշինյանը։

Մեկ այլ հարցի, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը վարել կատարելապես անկախ քաղաքականություն՝ իր դաշնակից Ռուսաստանի առումով, վարչապետը պատասխանել է. - «Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի և երկրի շահերը։ Սա պարզ էր դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իմ առաջին զրույցներից, ով իր հարգանքը դրսևորեց մեր ազգային ինքնիշխանության և իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաև այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ադրբեջանական իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, իբրև թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք, ըստ վարչապետի, ուզում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելո՞ւ։

«Ես լավ չեմ հասկանում, թե որն է Ադրբեջանի այն տրամաբանությունը, ըստ որի, նա ուզում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ խոսելու՝ լինել նրա հետ միևնույն պետության կազմում։ Ադրբեջանն այստեղ ինքն իրեն հակասում է։ Եթե Բաքուն ուզում է լինել նույն պետության մեջ, ինչ Լեռնային Ղարաբաղը, ապա պետք է շահագրգռված լինի ժամ առաջ նրա հետ բանակցություններ վարել: Կամ գուցե՞ Բաքուն ուզում է ստանալ Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա կնշանակի, որ Ադրբեջանն ուզում է քշել կամ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բաքուն պատրաստվում է նոր ցեղասպանությո՞ւն իրականացնել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա այդպես է, ապա Ղարաբաղի բնակչությունն իրավացի է, երբ պնդում է, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը։ Քանի որ այդ պարագայում Ադրբեջանի կազմում լինելն իրենից ներկայացնում է սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար», - ասել է Փաշինյանը։

Խոսելով հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից վարչապետը նշել է՝ ակնկալում են, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այդ իրադարձությունից դուրս կգա ավելի հզորացած։

«Եվ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր՝ մենք մեր պարտքն ենք համարում ամեն ինչ անել դրա համար։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի սպասվող պետական այցին՝ մենք ակնկալում ենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կբարձրանան նոր աստիճանի, հատկապես երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ, Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարվող ներդրումների քանակի ավելացմամբ, երկու երկրների ավելի սերտ համագործակցությամբ՝ միջազգային հարթակներում, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նախագահ Մակրոնի հետ հանդիպումն ինձ տվեց լավ հիմքեր համոզված լինելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG