Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը քարոզարշավ անցկացրեց Նորք-Մարաշում


Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավ անցկացրեց մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում, որտեղ հիմնականում առանձնատներ են։

Երևանի ավագանու ընտրություններում Դաշնակցության նախընտրական ցուցակի երրորդ համար Խաչատուր Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ իրենց նախընտրական ծրագրում որպես կարևոր դրույթ սահմանել են Երևանը համահայկական մայրաքաղաք հռչակելը։ Կուսակցությունն ամրագրել է երկու սկզբունք. Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում բոլոր քաղաքական ուժերին ներգրավել մայրաքաղաքի կառավարման մեջ և քաղաքացիական հասարակությանը տալ վերահսկիչ գործառույթներ։

Չընտրվելու կամ ավագանիում մեծամասնություն չունենալու դեպքում Դաշնակցությունն իրեն պատկերացնում է նաև ընդդիմադիր դաշտում, ասաց ավագանու թեկնածու Խաչատուր Ստեփանյանը։

«Բնականաբար, ընդդիմադիր դաշտում մեզ պատկերացնում ենք, իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը՝ պատրաստ ենք համագործակցելու, իսկ թե ինչ ֆորմատով կլինի՝ դա պայմանավորված կլինի միայն և միայն ընտրությունների արդյունքներով», - նշեց Ստեփանյանը:

Քարոզարշավ իրականացնող մի խումբ երիտասարդներ քայլում էին թաղամասով, հանդիպում բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները։ Դրանք հիմնականում առնչվում էին աղբահանության և տրանսպորտի խնդիրներին։ Նորք-Մարաշի առանձնատների մոտ աղբարկղեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG