Մատչելիության հղումներ

ՌՈ նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման է եղել


Ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյան
Ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյան

Հատուկ քննչական ծառայությանից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վարդան Ղուկասյանի հայտարարության տեսանյութը կկցվի մարտի 1-ի գործին և քննության առարկա կդառնա։

Երեկ համացանցում տարածվեց Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որտեղ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի մարտի 1-ին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, դուրս գալով Կառավարության շենքից, հրահանգել է կրակել ժողովրդի վրա: Նաև՝ թե մարտի 1-ին Երևանում եղել են Ղարաբաղից բերված զորք, հատուկ ջոկատայիններ։

Ղուկասյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ եղել է Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժնի սպա, մարտի 1-ին գտնվել է Հանրապետության հրապարակում, որտեղ նաև Կառավարության շենք է տեղակայված․ - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին, որպես այն ժամանակ Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժնի սպա, ներկա եմ գտնվել Հանրապետության հրապարակում: Հանրապետության հրապարակը պահել են ռազմական ոստիկանությունը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները: Հենց մարտի 1-ին այն ժամանակ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դուրս գալով [Կառավարության] շենքից, մեզ բոլորիս հրաման տվեց՝ Հանրապետության նախագահը ստորագրել ա հրաման, թույլ եմ տալիս ձեզ, հրամայում եմ ձեզ նախագահի անունից՝ ժողովուրդը էրևաց «Մարիոթ» հյուրանոցի կողմից, բացում եք կրակ: Տվել ա նման հրաման: Բայց մարդն ասել ա՝ կրակեք միայն ոտքերին: Թե ոնց էինք դա անելու էդ մթության մեջ, ես չգիտեմ․․․»:

Տարածված տեսանյութին այսօր անդրադարձել է նաև Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը․ - «Շուրջ երեսուն տարի ուսադիր եմ կրում, երեսուն տարվա ընթացքում որևէ մեկից ես չեմ լսել նման հրաման․․․ թե՛ ինձ, թե՛ առհասարակ իմ շրջապատում, որ մեկը հրաման տա: Էդ տեսանյութին ես տեղեկացված չեմ, չեմ նայել: Բայց եթե այդպիսինը կա, ինձ թվում է, ենթակա է պարզաբանման»:

Վարդան Ղուկասյանը բավական աղմկահարույց անցյալ ունի։ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո Ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Ոստիկանություն։ Համակարգում աշխատելու տարիներին համարվել է նրա ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նախկին ոստիկանապետը, սակայն, Ղուկասյանին երկու անգամ հեռացրել է աշխատանքից՝ 2013-ին և 2014-ին:

«Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողին հրելու և վիրավորելու համար աշխատանքից հեռացված Ղուկասյանի պարապուրդը, սակայն, երկար չի տևել․ ընդամենը երեք ու կես ամիս անց նա նշանակվել է Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Իսկ ահա 2014-ին, ինչպես փոխանցեցից Ոստիկանության լրատվական ծառայությունից, Գասպարյանի հրամանով հեռացվել է ոչ միայն պաշտոնից, այլև ոստիկանական համակարգից:

Ղուկասյանը 2015-ին նաև դատապարվել է՝ 4 տարվա ազատազրկմամն՝ շորթում կազմակերպելու համար:

Արթուր Սաքունցը չի կարծում, թե Ղուկասյանն իր հայտարարությամբ հին հաշիվներ է փորձում պարզել Վլադիմիր Գասպարյանի հետ: Իրավապաշտպանը Վարդան Ղուկասյանի հայտարարությունները համադրել է իր ունեցած տեղեկությունների հետ, և կարծում է, որ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման է իսկապես եղել է, և այն ի կատար է ածվել:

Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը հրապարակված տեսանյություն չի հստակեցնում, թե արդյոք Գասպարյանի հրամանը կատարվել է:

«Այն, որ զորքը կրակ էր բացել և տարբեր վայրերում, նշանակում է, որ դա եղել է հրաման, ոչ թե հախուռն, ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ գործողություններ են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Հարցին, թե ով կարող էր նման հրաման տալ, իրավապաշտպանը պատասխանեց․ - «Իմ կարծիքով, այդ ժամանակ միայն մեկ հրաման տվող մարդ կար, դա Ռոբերտ Քոչարյանն էր»:

Որ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները մարտի 1-ին Կառավարության շենքի մոտ հսկողություն են իրականացրել, իր հարցազրույցներից մեկում, ըստ Սաքունցի, տարիներ առաջ հայտարարել է նաև Վլադիմիր Գասպարյանը, ապա՝ ճնշման արդյունքում հերքել ասածը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, իրավապաշտպանի փոխանցմամբ, այն ժամանակ գրությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ առաջարկելով հարցաքննել նախկին ոստիկանապետին։ ՀՔԾ-ի պատասխանը, Սաքունցի փոխանցմամբ, կոշտ է եղել․ - «Դուք չպետք ա որոշեք, թե մենք ինչ անենք»:

XS
SM
MD
LG