Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի բացահայտումը կրիտիկական կետում է. Վահե Գրիգորյան


«Մարտի 1»-ի բացահայտումը կրիտիկական կետում է, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 2008-ի մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը։

Փաստաբանն ընդգծեց՝ այս գործի մեխը սպանություններն են և դրանք պետք է բացահայտվեն։

«Այս պահին միաժամանակ երեք լրջագույն գործընթացներ են ընթանում. առաջինը՝ սեպտեմբերի 20-ին սպասվում է «Մարտի 1»-ի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որով, ըստ էության, միջազգային դատարանը գնահատական է տալու Հայաստանի Հանրապետության արդարադատության և իրավապահ համակարգերի գործունեությանը «Մարտի 1»-ի ողջ կոնտեքստում՝ իրավաչափ էին, իրավաչափ չէին, որքանով է արդյունավետ եղել։ Սպանություններին անդրադարձ չկա, դա մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրան ոստիկանների նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու համար դատապարտելու և էդ ամենն իր արտահայտվելու և հավաքների ազատությունը խախտելու հիմքով։ Այլ խոսքով՝ այս վճռով կարող է որոշվել, թե ընդհանրապես Հայաստանն ունեցե՞լ է իրավապահ համակարգ կամ արդարադատության համակարգ, որն ի վիճակի է եղել իրավիճակը գնահատել: Սա շատ լայն և շատ խորը գնացող հետևանքներ ունեցող վճիռ է»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով երկրորդ և երրորդ կարևոր գործընթացներին՝ իրավաբանը նշեց. - «Որքանով հասկացա Հատուկ քննչական ծառայության պետի հայտարարություններից, այս պահի դրությամբ «Մարտի 1»-ի գործով քննությունը գտնվում է խորը մի կետի վրա, որտեղ արդեն քննությունը հասել է տվյալների, որոնք վերաբերվում են 9 սպանություններին, գործի բանալի իրադարձություններին, զինվոր Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքներին, և ես որքանով հասկացա՝ սպանության կատարելու մեջ կասկածներ կան, որ ներգրավված է ուժային կառույցներից որևէ մեկի ներկայացուցիչ։ Սա բավական վտանգավոր ընթացք է «Մարտի 1-»ի իրադարձությունների համար մեղավոր անձանց համար: Եվ երրորդ կարևոր գործընթացը, որ տեղի է ունենում, Վճռաբեկ դատարանում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով վճռաբեկ բողոքների քննությունը՝ դատախազության, պաշտպանության կողմի և տուժող կողմի»։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Այդ իրադարձություններից ավելի քան տասը տարի անց՝ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվեց սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG