Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն:
Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ` բնակարաններ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելացնել զույգի գումարային տարիքի առավելագույն շեմը՝ սահմանված 65-ը դարձնելով 70:
Կառավարությունը նշում է, որ ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվելու բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև կանխավճարի ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30 տոկոս) տարբերության չափով: Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն 20 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7.5 տոկոս տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս, ըստ գործադիրի, ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել կանխավճարի ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար:
«Արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10 տոկոս կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն», - ասված է հաղորդագրությունում: