Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելով. Օսիպյան

update

Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է անհապաղ, անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցում է, ասում է ոստիկանապետը:

Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է անհապաղ, անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցում է, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հարցին, թե երկու ժամվա ընթացքում ոստիկանությունն ի՞նչ արդյունքներ գրանցեց, Օսիպյանը պատասխանեց. - «Արդյունքներ միշտ էլ կան, մեր առօրյայում էլ ունենք արդյունքներ, և այնպես չէ, որ ամեն ինչ պետք է լուսաբանենք, կան, որ չենք լուսաբանում»։

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման։

«Ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը։ Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում ամեն մի քաղաքացու գետնին պառկեցնելով, կամ դեմ տալով պատին, մեքենային, և ստուգելու, ոչ, բացառապես հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ ունենում ենք տեղեկություներ, որ իրենք ունենում են զենքեր։ Զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ, և մենք ստուգում ենք զենքի օրինականությունը, ճշտում ենք նրա առնչությունը որևէ հանցագործության դեպքի հետ», - ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետը դատապարտում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու փաստը

Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան
Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան

​Հայաստանի ոստիկանապետը հայտարարեց, որ դատապարտում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստը։

Օսիպյանը նշեց՝ գաղտնալսումը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով։

«Ազատության» հարցին, թե ինչ-որ գաղտնալսվող սարքեր հայտնաբերվե՞լ են, ոստիկանապետը պատասխանեց. - «Ես տեղեկացված չեմ, դա գործընթաց է, շարունակվում է, ես ինքս դատապարտում եմ դա, քանի որ գաղտնալսումը միայն թույլատրված է օրենքով սահմանված կարգով այն ծառայությունների կողմից, ովքեր դա անելու իրավունքն ունեն»։

Ճշտող հարցին, թե կասկածներ կա՞ն, թե ով կամ ովքեր կարող էին գաղտնալսել, Օսիպյանը պատասխանեց. - «Դա ընթացքի մեջ է, դրա մասին չեմ կարող ասել»։

Օրերս համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Տարածված հեռախոսային գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:

Սեպտեմբերի 11-ին Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկու ժամ տվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ «պառկեցնել ասֆալտներին ու զինաթափել օլիգարխների թիկնազորներին»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսեցին «աճեցնել, առաջ տանել» օլիգարխներին, և նույնը շարունակվեց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ - «Օլիգարխիայի ձևավորումը եղել է հենց այդ իշխանությունների օրոք: Ապօրինությունը, առանձնահատուկ վերաբերմունքը, հանցագործությունների կրողը լինելը, բռնությունը, ամեն ինչ կարելին եղել է հենց էդ ժամանակահատվածում․․․ Հիշենք նաև հենց Քոչարյանին, որը չէր հանդուրժում որևէ բան, հիշենք «Պապլավոկի» դեպքը, երբ բացահայտ ցուցում էր տալիս սատկացնելու»:

Ըստ իրապաշտպանի, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շահագրգռված էին օլիգարծխների գոյությամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ օգնվեն նրանց ծառայություններից, իսկ վերջիններիս էլ աստիճանաբար ընդլայնում էին իրենց կարողությունները՝ ստեղծելով սեփական «հատուկ ծառայություններ», ապօրինի զինված խմբավորումներ:

Ալեքսանյանը շարունակեց․ - «Դա նշանակում է, իրենց պատկերացմամբ, երբ պահը գա պետության դեմ դուրս գալու, ումի՞ց կարող էին նրանք զսպվել․․․ Ո՞վ պետք է նրանց զսպեր: Իշխանությունը: Սա, կարծում եմ,հենց իշխանության դեմ պետք է օգտագործվեր․․․ Ամեն դեպքում ապահովագրել էին իրենց այդ թանկարժեք ձայնագրող սարքերով և այլն: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ օգտագործեցին իշխանության դեմ»:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

XS
SM
MD
LG