Մատչելիության հղումներ

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակման փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ընկերության մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Ըստ ծառայության, նախաքննությամբ պարզվել է, որ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` «Դանիել Դանիելյանն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված իրեն պատկանող կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված նռնակով ու որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում՝ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանն` իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է նրան»:

Քննչական ծառայությունը նշում է՝ «շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը` Դանիել Դանիելյանը նույն շարժառիթներով փորձել է սպանել նաև մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Ա. Մկրտչաննակտիվ դիմադրել է, ապա` թաքնվել»:

«Բացի այդ, դրամարկղային բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն այդ պահին շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Դ. Դանիելյանը զենքով և նռնակով սպառնալով` պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դ. Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամը, 53 միլիոն 318 հազար 100 դրամին համարժեք 110 հազար ԱՄՆ դոլարը, 23 միլիոն 066 հազար 637 դրամ 3 լումային համարժեք 39 հազար 690 եվրոն, 1 միլիոն 853 հազար 136 դրամին համարժեք 242 հազար 240 ՌԴ ռուբլին, 5 միլիոն 224 հազար 952 դրամին համարժեք 7 հազար 925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1 միլիոն 126 հազար 400 դրամին համարժեք 2 հազար 980 կանադական դոլարը, 73 հազար 66 դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92 հազար 379 դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը հանձնել է Դ. Դանիելյանին, ով դրանից հետո դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի:

Բանկի մասնաճյուղից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, ովհետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է:

Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով` Դ. Դանիելյանը վերը նշված կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և իր հասարակական պարտքը կատարող՝ իրեն վնասազերծել փորձող Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացած լինելու պատճառով կրակոցները չեն արձակվել: Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանի և այլոց օգնությամբ վնասազերծել է Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը` իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Քննծաչակն ծառայությունը նշում է, որ քննությամբ պարզվել է նաև, որ «Դ. Դանիելյանն իր մոտ եղած էլիպսաձև նռնակից բացի, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «ПМ», «АПС» տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված 25 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են Դ. Դանիելյանի բնակարանի խուզարկության ժամանակ:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG