Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արթուր Վանեցյանի թեկնածությունը


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իր պաշտոնական կայքէջում հրապարակել է սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) 17-րդ արտահերթ ժողովին և ՀՖՖ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին ֆեդերացիայի անդամների կողմից առաջադրված՝ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածուների ցուցակը:

ՀՖՖ ԻԱՄ բոլոր 23 անդամների կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածուները: Գործկոմի կազմում առաջադրվել են ևս 16, այդ թվում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, լրագրող Արմեն Մելիքբեկյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի, արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՖՖ նախկին նախագահ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի, Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Արցախ ֆուտբոլային լիգայի հիմնադիր-համանախագահ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հիրաչ Յագանի, ՖԻՖԱ-ի պատվիրակ Մարինա Թաշչյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մոր թեկնածությունները:

Հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ պետք է հեռանա, և ֆեդերացիայի նախագահի լավագույն թեկնածու է համարում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է», - մասնավորապես ասել էր Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG