Մատչելիության հղումներ

«Եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ես չեմ առաջադրվի». Ռուբեն Հայրապետյան


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հերքելով իր հրաժարականի մասին լուրերը, այսօր հայտարարել է, որ ինքն էլ պետք է հեռանա, և ֆեդերացիայի նախագահի լավագույն թեկնածու է համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:

«Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն», Հայրապետյանի խոսքերն է մեջբերում armsport.am կայքը:

Պնդելով, որ Վանեցյանը կարող է «իր արած գործի վրա ավելացնել»՝ Հայրապետյանն այսօր նաև հայտարարել է․ - «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներին իրեն ընտրել»:

Մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստ, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է ներկայացնել: Այդուհանդերձ, ֆեդերացիայի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ գործադիր կոմիտեի նիստում Հայրապետյանի հրաժարականի մասին խոսք չի եղել, այլ քննարկվել են ընթացիկ հարցեր:

Գործադիր կոմիտեի նիստից հետո երեք լրատվամիջոցների հետ զրույցում արդեն 16 տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահող Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ակումբների ղեկավարների կողմից իրեն ուղղված քննադատությանը, ասել է․ - «Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ»:

Հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նաև հայտարարել է, որ ինքը ֆուտբոլից չի հեռանալու և «Նորացված «Փյունիկ» թիմ է «պահելու»:

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ գործադիր կոմիտեի այսօրվա որոշմամբ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում հրավիրվելու է Ֆեդերացիայի արտահերթ ժողով, որի ժամանակ էլ, ի թիվս այլ հարցերի, տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի ընտրություն:

Մամուլն այսօր ավելի վաղ գրել էր, թե Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին հնարավոր է փոխարինի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ծառայության խոսնակ Սամսոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ:

Հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտության մասին երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել էր վարչապետ Փաշինյանը: - «Տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են։ Հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հենց այս տրամաբանությամբ էլ կգործի։ Ինչքան տեղյակ եմ՝ առաջիկայում պետք է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ տեղի ունենան, հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն», - նշել էր Փաշինյանը:

Երկու շաբաթ առաջ Ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովին ակնկալվում էր, որ տեղի կունենան ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, այդուհանդերձ 2002 թվականից ֆուտբոլային գլխավոր կառույցը գլխավորող և երեք անգամ վերընտրված Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ նման բան նախատեսված չէ:

Հունիսի 30-ին կայացած տարեկան ժողովին նաև որոշվել էր ֆեդերացիայից հեռացնել «Շիրակ» ֆուտբոլային ակումբը: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության 6 թիմերից երեքը՝ «Շիրակ», «Փյունիկ» և «Արարատ» ակումբները երեկ հանդես են եկել հայտարարություններով ու դատապարտել այս որոշումը, նաև բարձրացնելով ֆեդերացիայի նախագահի փոփոխության հարցը:

«Փյունիկ» ակումբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը երեկ հայտարարել է, որ մի քանի ակումբների հետ նախաձեռնում են ֆեդերացիայից անկախ, պրոֆեսիոնալ լիգայի ստեղծում: - «Ֆեդերացիան առկա տեսքով ի վիճակի չէ ղեկավարել հայկական ֆուտբոլը, բարձրագույն խմբում պարզապես տրոհված վիճակ է, որքան տեղյակ եմ մի քանի ակումբ մտածում են առաջնությունից դուրս գալու մասին: Բազմաթիվ են կոնֆլիկտները, վերջին տարիներին չկա ոչ մի հաջողություն ոչ ակումբային, ոչ էլ հավաքականի մակարդակում», - ասել է Սողոմոնյանը:

Այսօրվա գործկոմի նիստում ֆեդերացիան Գյումրին ներկայացնող ակումբի հետ բազմաթիվ հակասություններից հետո, այդուհանդերձ որոշել է թույլատրել «Շիրակին» մասնակցել բարձրագույն խմբի առաջիկա խաղաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG