Մատչելիության հղումներ

Ամեն ինչ ճիշտ է. Փաշինյանը՝ երեկվա հրահանգից հետո Ոստիկանության և ԱԱԾ գործողությունների մասին


«Ամեն ինչ ճիշտ է»․ - վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ համառոտ արձագանքեց հարցին, թե իր երեկվա կարգադրությունից հետո ի՞նչ են այսօր զեկուցել իրեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ղեկավարները։

«Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ճշգրիտ է», - ասաց Փաշինյանը։

Երեկ ԱԱԾ և ՀՔԾ պետերի՝ «Մարտի 1»-ի գործին առնչվող հեռախոսազրույցի աղմկահարույց ձայնագրության հրապարակումից ու տարածումից հետո արդեն երեկոյան «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետը տեղի ունեցածն անվանեց «դավադրություն և Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ հանցագործություն», ապա հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը «երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում»:

«Ազատության»-ն այսօր ԱԱԾ-ից և Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարել են վարչապետի հրահանգը: Մինչ ԱԱԾ-ն տեղեկություններ դեռ չի հրապարակում, ոստիկանությունից տեղեկացանք, որ բերման են ենթարկել գործարար - պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին, ստուգվում է նրանց զենքերի օրինականությունը։

Փաշինյանին ուղղված հաջորդ հարցին, թե գաղտնալսման հրապարակման մեջ արդյո՞ք արտաքին հետք տեսնում է, վարչապետը պատասխանեց, որ չի տեսնում։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ձայնագրության հրապարակումից և վարչապետի կոշտ արձագանքից հետո լարված ներքաղաքական մթնոլորտը պատճառ չի՞ դառնա, որ Հայաստանի խորհրդարանը չցանկանա գնալ ինքնալուծարման, ինչպես կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի, Փաշինյանը պատասխանեց. - «Ո՛չ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG