Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»․ Գաղտնալսման հեղինակները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն


«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում մտահոգություն է հայտնում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման և ձայնագրության հրապարակման կապակցությամբ։

«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք ևս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի և թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը հայտարարում է, որ շարունակում է աջակցել գործող կառավարությանը, «այդ թվում՝ կոռուպցիայի հաղթահարման, տնտեսության ազատականացման ու հակամենաշնորհայնացման, 2008 թվականի մարտի 1-ի և նախկին իշխանությունների կատարած պետական այլ չարաշահումների բացահայտման ու մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելու գործում»:

«Կատարվածը նաև հուշում է ԱԱԾ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող պետական հիմնական կառույցի, արմատական բարեփոխման, դրանում կադրային համալիր փոփոխությունների կարևորության մասին: Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ մինչև վերջ հետևողական լինել նշված ապօրինի գաղտնալսումը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը միաժամանակ կոչ է անում կառավարության համապատասխան կառույցներին՝ «պահպանել առավելագույն զսպվածություն և հանդարտություն, ձեռնպահ մնալ այնպիսի կտրուկ գործողություններից, որոնք կարող են հակասել քաղաքացիական ազատության սկզբունքներին, վնասել ներհասարակական համերաշխությանն ու ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը»: Կուսակցությունը «վերստին հիշեցնում ու պնդում է, որ միակուսակցականությանն ուղղված քայլերն անհամատեղելի են Համաժողովրդական պայքարի ոգուն և նպատակներին»:

Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ժամեր անց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG