Մատչելիության հղումներ

«Որևէ ֆեյքային պատերազմի մեջ չենք մտնելու, որևէ մեկին չենք սևացնելու»․ ԲՀԿ-ն վաղվանից կսկսի քարոզարշավը


Երևանն ունի բոլոր հնարավորթյունները դառնալու եվրոպական մշակույթի և տուրիզմի կենտրոններից մեկն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կուսակցությունը վաղվանից կսկսի քարոզարշավն ու կներկայացնի իր ծրագիրը։

«Երևանը կենդանի օրգանիզմ է, որի արյունատար ամբողջ համակարգը խախտված է։ Քաղաքային տարբեր իշխանություններ փորձել են ստենտներ տեղադրելով կարճաժամկետ լուծումների ճանապարհով գնալ, բայց այլևս պահանջվում են խորքային լուծումներ, երկարաժամկետ լուծումներ։ Աղբահանության մասին անիմաստ է խոսելը, դա կատաստրոֆա է, ամեն օր մենք տեսնում ենք աղբի բլրաքաղաքներ Երևանում, վերելակայն տնտեսություն, բնակֆոնդ։ Ամենակատաստրոֆիկ խնդիրներից մեկը նաև Երևանի թոքերն են, Երևանն այսօր չունի կանաչ իր բուֆերային գոտիներն, ամբողջը ոչնչացվել է և Երևանի կանաչ թոքերն այլևս չկան։ Բոլոր խնդիրների վերաբերյալ մենք առաջարկում ենք լուծումներ և մատնացույց ենք անում այն ռեսուրսները, այն ներդրողներին, ովքեր ստանձնել են պատասխանատություն՝ անելու ներդրումներ այդ խնդիրները լուծելու համար», - ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանն իր հերթին նշեց՝ իրենց նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը։

«Մեր նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը, որի ավարտին բոլոր ուժերը կշնորհավորեն հաղթողներին, կամ հաղթողին, և մենք արդեն նոր մշակույթ կձևավորենք ընտրական առումով։ Սա նաև կլինի ամենամեծ հարվածը հակահեղափոխությանը․ եթե մենք կարողանանք անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, ապա սա կլինի հեղափոխության ամենամեծ հաղթանակը», - ասաց Ղազարյանն՝ ընդգծելով, որևէ ֆեյքային պատերազմի մեջ չեն մտնելու, որևէ մեկին չեն սևացնելու, սևացնողներին էլ չեն պատասխանելու, իրենց քննադատությունը կապված է լինելու միայն ծրագրերի հետ։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին կմասնակցեն 12 քաղաքական ուժեր՝ 4-ը դաշինք և 8 կուսակցություն։ Քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ սեպտեմբերի 10-ին, կավարտվի սեպտեմբերի 21-ին։

Ընտրություններին ընդառաջ արդեն որոշ մտահոգություններ են հնչում, «Ժառանգություն» կուսակցությունն ահազանգում է հավանական ընտրակաշառքների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG