Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայազգի գործարարների հետ հանդիպմանը, 8-ը սեպտեմբերի, 2018թ.

Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին հայտարարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։

Ավելի վաղ՝ անցած օգոստոսին Երևանում, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը, Փաշինյանը նշել էր, որ կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ: «Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանն առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Փաշինյանը այսօր նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը չի քննարկել Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանի անդամակցության հարցը որևէ ռուսաստանցի պաշտոնյա քննարկե՞լ է հայաստանցի պաշտոնյայի հետ, Հայաստանի վարչապետը ժխտական պատասխան տվեց՝ հավելելով՝ եթե պաշտոնական Բաքուն նման ցանկություն հայտնի, ապա հասկանալի է, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ավելի վաղ ասել էր՝ «եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձավ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկանան համագործակցության հարցին՝ ասելով, որ «կոնկրետ ծրագրերի մասին կխոսեն համապատասխան գերատեսչությունները»։

Այսօր Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինն ասել էր.- «Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը»։ Փաշինյանն էլ նկատել էր. - «Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միության, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և ընդհանրապես մյուս ոլորտներում»։

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ համագործակցությունը կա, առաջ է գնում և այս ոլորտում վիճակը նույնպես ավելի լավ է, քան նախկինում էր։

«Արդյոք Վլադիմիր Պուտինի հետ որևէ հայաստանցի նախկին պաշտոնյայի [խոսքը ենթադրաբար 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին էր] ճակատագիր քննարկել է». այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց՝ որևէ նման հարց չի քննարկվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա՝ ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG