Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը իշխանությանը հորդորում է ավագանու ընտրություներում «տեղիք չտալ անցյալի կրկնության»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ այսօր մտահոգություն հայտնեց շրջանառվող լուրերի մասին, թե քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն ցուցակագրումներ են տեղի ունենում, որոշ քաղաքական ուժեր դռնեդուռ արշավներ են սկսել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 11 մրցակիցներից առնվազն 4 ուժ ներկայացված են իշխանության տարբեր ճյուղերում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց առավելագույնս զգուշավոր լինել, որպեսզի ակամա վարչական ռեսուրսը չօգտագործվի վերջիններիս օգտին․ - «Այդ մտահոգությունները կան այսօր: Եթե Հանրապետականը լիներ, ավելի թիրախավորված, այդ ռեժիմի համապատասխան կխոսեինք: Հիմա մենք պարզապես բարեկամական հույս ենք տածում, որ շատ զգույշ կլինի գործող իշխանությունը, որի զորակցողը մենք ենք, որպեսզի որևէ տեղիք չտա անցյալի կրկնության: Որովհետև դա կլինի շատ վատ, չասելու համար բացասաբար բախտորոշ թե՛ իշխող կուսակցության, թե՛ ավելի կարևորը՝ մեր երկրի առաջընթացի համար»:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքի սահմաններից դուրս չգա, ամեն ինչ բնականոն կընթանա, հավասարություն կլինի։

Ինչ վերաբերում է մրցակիցներին ՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ եթե իրենք ընդունեին նրանցից որևէ մեկի ծրագիրը, թեկնածու չէին առաջադրի․ - «Ներկա դրությամբ մենք ասում ենք, որ մենք ունենք ամենալավ առաջարկը: Մեր առավելությունը այն է, որ դուք մեր շուրջը կտեսնեք մեզնից ավելի մասնագիտական առումով խելացի փորձագետներ, որոնք լուծումներ են տալու թե՛ գաղափարական, թե՛ հոգևոր, թե՛ մշակութային և թե՛ երևանցուն հուզող շատ պրագմատիկ հարցերին»:

Իսկ «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի համոզմամբ՝ երևանցին պետք է ընտրություն կատարի ոչ թէ անձերի, այլ թիմերի և ծրագրերի միջև։ Եվ կախված ներկայացված ծրագրերից՝ ճարտարապետ թեկնածուի թիմը կորոշի, թե որ ուժի հետ կմրցակցեն․ - «Ինչքանո՞վ է երևանցուն ընդունելի այս կամ այն ծրագիրը, ծրագիրի իրականացումը ինչքանո՞վ է վստահություն բերում երևանցուն այդ թիմի կողմից, արդյո՞ք կկարողանա թիմը իր բոլոր հայտարարած ծրագրերը իրականացնել: Երևանցին պետք է կատարի իր ընտրությունը»:

«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան
«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան

Խոսելով ծրագրային դրույթներից՝ Թարխանյանը մայրաքաղաքում առկա բազմաթիվ խնդիրներ առանձնացրեց։ Ըստ նրա, հրատապ լուծման կարիք ունեն վերելակների, տրանսպորտի, համատիրությունների, հարկերի հավաքման, քաղաքի ճարտարապետական տեսքի, անվտանգության խնդիրները։

«Առաջինը, ինչ որ մենք անելու ենք, և դա ոչ թե միայն համատիրությունների մակարդակով, այլ դա պիտի համակարգային ձևով լուծվի, դա հանրությանը ներգրավել թե՛ քաղաքի, թե՛ համատիրության բոլոր հարցերի լուծման մեջ», - նշեց Թարխանյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Կմասնակցեն 12 քաղաքական ուժեր՝ 4-ը դաշինք և 8 կուսակցություն։

XS
SM
MD
LG