Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրությունները լուծում են ավագանին ՀՀԿ-ի վերահսկողությունից հանելու խնդիրը. Լևոն Զուրաբյան


«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուծում են մեկ խնդիր՝ Երևանի ավագանին հանել հանրապետականների վերահսկողությունից։

Զուրաբյանի խոսքով՝ դա նպաստելու է հեղափոխության դիրքերի ուժեղացմանը և պայմաններ է ստեղծելու Ազգային ժողովի ընտրություններն ազատ և արդար անցկացնելու համար։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ընտրությունները ոչ միկապ չունեն Երևանի կառավարման հետ, այս ընտրությունները խնդիր չեն լուծում Երևանի կառավարման հարցում, այս ընտրությունները ակնհայտաբար լուծում են մի խնդիր՝ Երևանի ավագանին հանել հանրապետականների վերահսկողությունից, և դա նպաստելու է հեղափոխության դիրքերի ուժեղացմանը, դա ստեղծելու է ևս մի կարևոր պայման Ազգային ժողովի ընտրություններն իսկապես ազատ և արդար անցկացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ շարունակելով. - «Մենք շատ լավ հասկանում ենք, որ նպատակը դա է, շատ լավ հասկանում ենք, որ նաև քանի որ Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է այս ծրագիրն իրականացնող ուժը, բնականաբար, պետք է թողնել, որ նա իրականացնի, և ժողովրդի մեծամասնությունն էլ էդ մտադրությամբ է գնալու և իր ձայնը տալու իշխող քաղաքական ուժի թեկնածուին»։

Զուրաբյանը նշեց` ՀԱԿ-ն այսօր կարող է միայն իր աջակցությունը ցույց տալ այդ հարցում։

«Որովհետև մենք համարում ենք, որ այսօր, այո, այդ խնդիրը պետք է լուծվի, որ վաղը մենք կարողանանք ջախջախել հակահեղափոխությունը, քաղաքականությունից դուրս հանել այդ քրեական, ինչ է՝ օլիգարխիա ասեմ, այդ կոռումպացված պաշտոնյաների կուսակցությունները, որոնք կուսակցություն են անվանվում, բայց իրականում արհմիություն են, դրանք գիշատիչների, թալանչիների արհմիություններ են ըստ էության։ Երբ որ ջախջախվեն այդ հակահողափոխության վերջին մնացուկները, այդ ժամանակ արդեն մենք հնարավորություն կունենանք Հայաստանում անցկացնել ազատ և արդար ընտրություններ», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի մինչև 21-ը՝ 11 օր։

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեցհանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրն անցած հինգշաբթի կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։

Որոշ կուսակցություններ արդեն հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Կարգին Հայկոն» է՝ Հայկ Մարությանը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները քաղաքապետի պաշտոնում միասնաբար առաջադրում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, «Ժառանգության»-ը՝ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Երկիր Ծիրանի»-ն այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ՀՀՇ-ի ցուցակի առաջին համարում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է։ Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն է։

Ավագանու ընտրություններին մասնակցելու տրամադրվածության մասին նախապես հայտարարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, սակայն թեկնածու անուն դեռ չեն հրապարակել։

«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարել է, որ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկ իշխանական նախկին ուժում՝ ՀՀԿ-ում դեռ այս թեմայով քննարկումներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG