Մատչելիության հղումներ

«Երեք ամսվա ընթացքում պետբյուջե ենք վերադարձնելու 1 միլիարդ 413 միլիոն դրամ». Դավիթ Սանասարյան


«Ամենաշատը երեք ամսվա ընթացքում պետբյուջե ենք վերադարձնելու 1 միլիարդ 413 միլիոն դրամ գումար», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե կառույցն անգործության է մատնված։

«Ես պաշտոնում նշանակվել եմ մայիսի 22-ին։ Հունիսի 11-ին ընդունվել է կանոնադրությունը։ Չկար նման կառույց, սա լրիվ նոր կառույց է, ու էս նոր կառույցի պատերն ամեն քարը մեր ձեռքով ենք դրել, իրավական բոլոր ընթացակարգերն անցել ենք։ Որպեսզի ղեկավարը սկսեր գործ անել, հարկավոր էր կանոնադրություն, գրանցվել և այլն։ Հուլիսի 3-ին մենք նոր սկսել ենք անձնակազմը համալրել, և ես առաջին հանձնարարականներն եմ ստացել։ Համալրում ասելով՝ 24 հոգու մասին է խոսքը, այդ թվում՝ մաքրուհի, տեխնիկական այլ գործ անող, առաջին օրն իմ երկու խորհրդականներին հանձնարարել եմ և իրենց հետ եղել ենք զինվորական կենտրոնական հավաքակայանում, կատարել ենք մշտադիտարկում, օրերի ընթացքում հասկացել ենք, թե ինչ խնդիրներ պետք է կարգավորվի, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն, և տվյալներն ամփոփած տվել ենք և՛ վարչապետին, և՛ պաշտպանության նախարարին։ Օգոստոսի 1-ին նոր մեր անձնակազմի թիվը հասել է 52, օգոստոսի 15-ին նոր բյուջեն հաստատվել է, կառույցը դեռևս գնումներ չի իրականացնել սեփական կարիքները հոգալու համար։ Այսինքն՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, որ սպասելիքները մեծ էին, հնարավորությունները՝ քիչ», - ասաց Սանասարյանը։

Նա նշեց, որ հուլիսի 3-ից սկսած ծառայությունն իրականացրել է 6 ուսումնասիրություն։

«Խոշոր գործերի մասին է խոսքը։ Մեր աշխատակիցներն աշխատել են մի քանի ժամ ավել, որպեսզի էս հետ ընկած վիճակից առաջ գանք ու արդյունքներ ցուցաբերենք։ Ըստ էության, 100 օր մենք չենք աշխատում, ու երբ որ ասում են աշխատանք չի իրականացվել, ասում եմ հետևյալը՝ երեք ամսվա ընթացքում ամենաշատը պետբյուջե ենք վերադարձնելու 1 միլիարդ 413 միլիոն դրամ գումար», - ասաց Սանասարյանը՝ կատակելով. - «Եթե գործ չանելու արդյունքում էդքան գումար կարող ենք բերել, ուրեմն որ անենք, մի քանի զրո կավելանա»։

ՊՎԾ պետի խոսքով՝ որոշները չեն պատկերացնում էս ամենի լրջությունը։

«Երեկվա ասուլիսից հետո գյուղապետերից մեկը, որի գործը «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի (ԲԷՑ) գործի շրջանաներում ենք ուսումնասիրել, զանգել է և խոստացել է, որ երբ որ մենք նշենք, թե որ հաշվեհամարի վրա պետք է փոխանցեն պետության պատճառած վնասը, 17 միլիոն դրամ պատրաստակամություն է հայտնել փոխանցել», - ասաց Սանասարյանը։

Ճտող հարցին, թե ո՞ր մարզի գյուղապետերից էր, ՊՎԾ պետը պատասխանեց. - «Գեղարքունիքի մարզից, բայց գյուղը եկեք դեռ չասեմ, իրավապահ մարմինները կասեն։ Որոշները չեն պատկերացնում էս ամեն ինչի լրջությունը»։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG