Մատչելիության հղումներ

Պետական վերահսկողական ծառայությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել


Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) դարձել է առաջին կազմակերպությունը, որտեղ ստուգում է իրականացրել վարչապետին կից պետական վերահսկողական ծառայությունը։ Արդյունքում բազմաթիվ խախտումներ, ուռճացված ծախսեր ու պետբյուջեին պատճառված միլիոնների վնաս է հայտնաբերվել։

Ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խոսքով, իրենք չորս տարի հետ են գնացել ու արդեն կարող են խոսել 310 միլիոն դրամի ու 1,5 միլիոն դոլարի հասնող ուռճացված ծախսերի մասին։ Ու սա դեռ ամենը չէ․ սուգումները շարունակվում են, բացահայտումները՝ ավելանում։

«Այսօր ևս մի տրամսֆորմատորի դեպքով դատախազությունը կստանա մեր կողմից ևս մի գրություն: Նախնական եմ ասում՝ մոտ 300 միլիոն արժողությամբ տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 միլիոնով լիկվիդացրել էին: Ոստիկանների հետ համատեղ մենք գտանք Նիկմետալ ընկերությունում էդ տրանսֆորմատորը աշխատելուց: Բայց նախնական տվյալները հետևյալն էր, որ վերանորոգման ենթակա չի», - փոխանցեց Սանասարյանը:

ԲԷՑ-ն առաջինն է հայտնվել ծառայության ուշադրության կենտրոնում, քանի որ, Սանասարյանի խոսքով, տարիների ընթացքում ընկերությանը տրամադրված գումարները այժմ կազմում են պետական պարտքի զգալի մասը: Ըստ նրա, չարաշահումները կատարվել են տարբեր տնօրենների օրոք, բայց այսօր անուններ չեն հնչի։ Գործը իրավապահների տիրույթում է։ Նրանք կպարզեն ամեն ինչ, նաև թե ինչպես է ստացվել, որ ԲԷՑ աշխատակիցները շինարար են դարձել ու տնօրեններից մեկի համար տուն կառուցել․ - «ԲԷՑ-ի տնօրեններից մեկը իր առանձնատունը «կառուցել էր» ԲԷՑ-ի հաշվին, ԲԷՑ-ի աշխատողների միջոցով»:

Նախորդ 100 օրվա ընթացքում պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները եղել են նաև ոստիկանության ենթակայությամբ գործող, այժմ լուծարման գործընթացում գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում։ Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման ու ճանապարհային գծանշումների իրականացման համար պատասխանատու ընկերությունը երկու տնօրեն է ունեցել, որից վերջինն արդեն պարտավորվել է բյուջե վերադարձնել պատճառած վնասը․ - «Ուսումնասիրության արդյունքում իրենք պատրաստակամություն են հայտնել վերադարձնել պետության պատճառած վնասները՝ 210 միլիոն դրամ 2016-18 թվերի համար»:

Սանասարյանը հավելեց, որ «Լուսանշանին» փոխարինման եկած «Ուկրինվեստում» էլ առանց խախտումների չեն աշխատել: Միայն 2018-ին մոտ 30-35 միլիոն դրամի վնաս են պատճառել բյուջեին։ Ծառայության ղեկավարի խոսքով՝ չարաշահումների հարցում «Ուկրինվեստ»-ը միայնակ չի գործել․ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համաձայնության արդյունքում փաստացի չարված գործը փաստաթղթերում ձևակերպվել է որպես կատարված․ - «Ընտրանքային հինգ փողոց ենք ընտրել: Հինգից երեքը ոչ մի բան արած չէր, բայց գրված էր, որ արդեն արված է, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ստորագրել էին չարված գործը որպես արված գործ: Այդ աշխատակիցների վերաբերյալ, կարծում եմ, կգնա ծառայողական քննություն, որովհետև սա քրեական գործ է ըստ էության»:

Ծառայության ուսումնասիրությունների արդյունքում անցած շաբաթ քրեական գործ հարուցվեց «Հայրենքի-Սփյուռք» ՊՈԱԿ-ում պաշտոնյաների կողմից չարաշահումների դեպքերի առիթով։

Սանասարյանն այսօր ասաց, որ 100 միլիոն դրամ արդեն իսկ վերադարձվելու է բյուջե։ Ֆիլմերի նկարահանման համար դուրս գրված, բայց այդպես էլ տեղ չհասած ևս 75 միլիոն դրամի ճակատագրով էլ այժմ իրավապահներն են զբաղվում․ - «Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է փոխանցել հեռուստաընկերության ֆիլմեր նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են, ասենք, Հ1-ի միջոցներով»:

Վերահսկողական ծառայությունն առաջիկայում կայցելի նաև Երևանի քաղաքապետարան, բայց մինչև այդ իրենք արդեն եղել են Էջմիածնում։

Նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների հետ կապված նոր փաստեր են ջրի երես հանել․ - «Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին: Տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ»:

Վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց առաջին ստուգումները լինելու նաև բուհերում։ Այսօր նա տեղեկացրեց, որ Ագրարային համալսարանում ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, աշխատավարձերի ու գնումների հարցերում բազմաթիվ խախտումներ են գտնել: Հաջորդը Երևանի պետական համալսարանն է, անհրաժեշտ փաստաթղթերն արդեն իրենց ձեռքում են։

Վարչապետի հանձնարարականով ծառայությունը մոտ ժամանակներս նաև Մեծամորի ատոմակայան կմտնի։

XS
SM
MD
LG