Մատչելիության հղումներ

Վարչապետը եկամտահարկի նվազեցման երկու տարբերակ է առաջարկում


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերում, եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ ներկայացրեց, միաժամանակ շեշտելով՝ ընտրությունը պետք է ժողովուրդը կատարի։

Ներկայումս հարկման երեք սանդղակ է գործում։ Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտահարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները 36 տոկոս եկամտահարկ են վճարում։ Նոր կառավարության առաջարկած առաջին տարբերակով առաջարկվում է մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20 տոկոս, իսկ դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանելէ 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։

Կառավարությունն առաջարկում է նաև Հայաստանի քաղաքացիների և օտարերկրացիների համար հավասար շահութահարկ ու դիվիդենտի հարկ սահմանել՝ այն ևս դարձնելով 23 տոկոս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ինքը երկրորդ տարբերակի, այսպես կոչված, համահարթեցման կողմնակիցն է։ «Այսօրվա համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը, ասում է՝ գործատու՛, եթե դու հանկարծ բարձր աշխատավարձ տաս, ես քեզ շատ եմ հարկելու: Մենք համահարթեցմամբ, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձը»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա, ցածր աշխատավարձ ստացողների համար պետությունն, ամենայն հավանականությամբ, կշարունակի գանձել կուտակային կենսաթոշակային համակարգով նախատեսված վճարները։ «Հաշվի առնելով, որ, ըստ էության, ներքին օղակի եկամտահարկը չի փոխվում, մենք պատրաստ ենք կուտակային համակարգով մեր վրա վերցրած 2,5 տոկոսի պայմանը չփոխել»,- հարցի առնչությամբ ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գործատուները գրանցում են ցածր աշխատավարձ, իսկ գումարի մյուս մասն աշխատողին փոխանցում ծրարով, իսկ եթե բոլորի համար հարկի նույն դրույքաչափը գործի, ապա ստվերը հնարավոր կլինի կրճատել։ Համահարթեցման ամենամեծ թերությունը, սակայն, այն է, որ բարձր աշխատավարձ ստացողները, ավելի քիչ չափով հարկվելով, շահում են, իսկ ցածր եկամուտ ունեցողները շարունակում են գրեթե նույն գումարը ստանալ։

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է՝ նույն չափով եկամտահարկ վճարելը, թվում է, թե չի նվազեցնելու սոցիալական բևեռացումը, սակայն ստվերը կրճատվելու է, բյուջետային ծախսերն էլ ճիշտ են վերաբաշխվելու։ Մանուկյանի խոսքով՝ մի շարք երկրներում գործում է աշխատող աղքատներին չհարկելու մոտեցումը, այսինքն՝ կենսական ծախսերի համար անհրաժեշտ գումարը, որը Հայաստանի դեպքում հաշվարկված է շուրջ 57 հազար դրամի չափով, կարող է չհարկվել։ Մանուկյանն ասում է նաև, որ ինքն առաջիկայում նման առաջարկ է ներկայացնելու։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նույնպես կարծում է, որ հարկման միատեսակ դրույքաչափի կիրառումը ճիշտ է։ Ասում է՝ սոցիալական արդարության խնդիր այստեղ լինել չի կարող։ «Մենք չպետք է մտածենք, որ ինքը շատ է ստանում, ուրեմն պետք է շատ հարկ վճարի: Շատ է ստանում, որովհետև ինքը տաղանդավոր է, խելացի է»,- ասում է Մակարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարեց, թե եկել է տնտեսությանը զարկ տալու ժամանակը։ Եկամտահարկի սցենարները դեռ կքննարկվեն, հանրային լսումներ կանցկացվեն, գուցե բոլորովին այլ տարբերակ դրվի սեղանին․ վարչապետի խոսքով, սակայն, եթե 23 տոկոսի տարբերակն ընդունվի, կառավարությունը կփորձի ամեն տարի այն նվազեցնել՝ հինգ տարում հասցնելով 20 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG