Մատչելիության հղումներ

Օսիպյանը հորդորում է Մարտի 1-ին վերաբերող հարցերն ուղղել այն ժամանակվա իր վերադասին


Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ 2008 թվականին ծառայում էր ոստիկանության Երևանի պարեկապահակային գնդում, տեղյակ չէ, թե բարձրաստիճան որ ոստիկանն է փաստաթղթեր կեղծել, թե իբր Ազատության հրապարակում նստացույց անող ընդդիմադիրները զինված են:

«Չեմ կարող ասել, չեմ տիրապետում: Հատուկ քննչականը կպարզաբանի», - լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա՝ շարունակելով․ - «Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորոն պատժելի արարք է: Թե ով է արել դա, չեմ կարող ասել․․․ արդյո՞ք հնարավոր է անել: Չեմ կարող ասել: Բայց եթե այդպիսինը կա, թող պատասխանատվություն կրի»:

Ավելին, մարտի 1-ի վաղ առավոտյան հրապարակում ոստիկանական գործողությանը մասնակցած Օսիպյանը զենք և պայթուցիկ նյութեր չի տեսել, չնայած դրանք ցուցադրվել էին ոստիկանության տեսանյութում․ - «Զենք, զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր և այլն բորորս էլ տեսել ենք»:

Մարտի 1-ի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան Օսիպյանն ասաց․ - «Եկեք այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղեք անձանց, ովքեր այդ օրը վերադաս են համարվել, եղել են իմ վերադասները»:

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի մասով նոր քրեական գործ հարուցեց՝ հրապարակելով աղմկահարուց մանրամասներ:

Ըստ իրավապահների, վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ոստիկանության ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները կեղծել և շրջանառության մեջ են դրել փաստաթղթեր, թե իբր փետրվարի 29-ին ստացել են տեղեկություններ, որ Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների մոտ կա զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր: Հատուկ քննչական ծառայությունը այս նոր գործով ձեռք է բերել ապացույցներ, որ ոստիկանության առնվազն 1300 ծառայողներ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել Երևանի կենտրոնում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները: Այնինչ, այն ժամանակվա իշխանությունները պնդում էին, որ ցուցարարները դիմադրություն են ցույց տվել, որպեսզի թույլ չտան ստուգել՝ հրապարակում զենք կա թե ոչ: Վալերի Օսիպյանը հստակ պատասխան չտվեց՝ լուսաբացին ցուցարարները դիմադրու՞մ էին:

Ինքը հասարակական կարգն ապահովելու հրաման է ստացել․ - «Հիմա կառավարության դեմը բազմաթիվ քաղաքացիներ կան հավաքված: Հիմա ենթադրենք պայմանականորեն դուրս եկան Տիգրան Մեծ փողոցը փակեցին, ոստիկանները մոտենան, պահանջեն փողոցը բացել, բնական է հրաժարվելու են բացել: Ավտոմատ քաշքշուք ա ստեղծվելու, դիտվելու է դա որպես քաշքշուք: Թեպետ ոստիկանությունը օրինական գործողություն է իրականացնելու, և չբացառենք, որ օրենքով նախատեսված կարգով կարող է ֆիզիկական ուժ կիրառել»:

Օսիպյանը «Մարտի 1»-ի նոր գործով չի հարցաքննվել:

XS
SM
MD
LG