Մատչելիության հղումներ

Կոստանյանը հորդորում է ՀՔԾ-ից պարզել՝ ինչու նախկինում «մարտի 1»-ի գործով բացահայտումներ չեն եղել


Գևորգ Կոստանյան, 5-ը սեպտեմբերի, 2018 թ․

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տեղյակ չէ, թե ինչու նախկինում Հատուկ քննչական ծառայությունը չի կարողացել բացահայտումներ անել «մարտի 1»-ի գործով․ նա հորդորում է այդ հարցն ուղղել քննչական մարմնին: Սեպտեմբերի 3-ին ՀՔԾ-ն հանդես եկավ նոր աղմկահարույց հայտարարությամբ, պնդելով՝ 2008-ին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Մինչդեռ մինչ թավշյա հեղափոխությունը, անցած 10 տարիների ընթացքում, Հատուկ քննչական ծառայությունը նման կեղծիքների մասին չէր բարձրաձայնել:

«Դա հարցրեք ՀՔԾ-ին՝ ոնց եղավ, որ հաջողվեց հիմա: Դա էլ հարցրեք, թե ինչու նախկինում դա չէր հաջողվում: Ես չգիտեմ, առնվազն 2016 թվականից ես գլխավոր դատախազ չեմ: Ես չգիտեմ ինչու այդ ժամանակահատվածում ՀՔԾ-ն չի տիրապետել, կամ տիրապետել է ոչ բավարար չափով, տեղյակ չեմ: Ես գլխավոր դատախազ եղել եմ [2008 թ.] մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2,5 տարի դատախազ չեմ: Նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացվում է․․․ էդ պահին ինչ ձեռք բերվեց, դու դրա օրինականությունն ես քննարկում՝ օրինակա՞ն է, թե ոչ»,- պատասխանելով «Ազատության հարցին, այսօր ասաց Կոստանյանը:

Նախկին գլխավոր դատախազ, այսօր ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը «մարտի 1»-ի գործի բացահայտման ողջ պատասխանատվությունն, ըստ էության, դրեց միայն ՀՔԾ-ի վրա, ընդգծելով՝ գործի բացահայտման գործառույթ դատախազությունը չի ունեցել: «Մարտի 1»-ի բացահայտումը ոչ թե գլխավոր դատախազի, այլ քննչական մարմնի գործն է, ասաց նա․ «Մեր հասարակության մոտ այնպիսի տպավորություն է, որ՝ այ դուք գլխավոր դատախազ եք, պարոն Կոստանյան, ինչու՞ «մարտի 1»-ը չի բացահայտվել: Կարծում եմ՝ հիմա հասկացաք, վերջին գործողություններից հետո, որ «մարտի 1»-ի բացահայտումը գլխավոր դատախազության խնդիր չէր, այլ քննչական մարմնի: Սայլը տեղից շարժելն էլ պետք է իմ իրավասության սահմաններում լինի չէ՞: Իսկ դա կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ տալն է, ոչ թե մարդ հարցաքննելը: Ինչպես հիմա էլ համոզվեցիք՝ այս գործողությունները դատախազության հետ կապ չունեն, դա կոնկրետ քննչական աշխատանքի արդյունք է»:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք նա այսօր էլ այն կարծիքին է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիք չկա, այն դեպքում, երբ Քոչարյանն այժմ «մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, նախկին գլխավոր դատախազն ասաց՝ ինքը նախկինում խոսել է իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին և տեղյակ չէ, թե 2016-ին, իր պաշտոնաթողությունից հետո, նախաքննական մարմինն ինչպիսի ապացույցներ է ձեռք բերել: «Դու չգիտես, թե մեկ կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ ձեռք կբերվեն, որոնք կառաջացնեն անհրաժեշտություն: Ես 2016 թ․ օգոստոսի 4-ից գլխավոր դատախազ չեմ հանդիսանում, հետևաբար չգիտեմ՝ դրանից հետո ինչ քննություն են իրականացրել, որ դա հանգեցրել է այդ անհրաժեշտությանը, ինչ ապացույցներ են ձեռք բերել»,- ասաց Կոստանյանը:

Պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «մարտի 1-ի» գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, Կոստանյանն ասաց՝ ինքը «միայն ուրախ կլինի, եթե այդպես է»:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Գլխավոր դատախազությունն օրերս բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։ Վճռաբեկ բողոք ներկայացրեցին նաև Քոչարյանի պաշտպանները։

Ալիկ Սարգսյանը «փաստաթղթերի կեղծման հետ կապված ոչինչ չի բացառում»

Ալիկ Սարգսյան, 5-ը սեպտեմբերի, 2018 թ․
Ալիկ Սարգսյան, 5-ը սեպտեմբերի, 2018 թ․

Հանրապետական մեկ այլ պատգամավոր, 2008-ի արյունալի իրադարձություններից 3 ամիս անց ոստիկանապետ նշանակված Ալիկ Սարգսյանը, խուսափում է կոնկրետ գնահատական տալ հարցին՝ կարո՞ղ էին արդյոք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու համար փաստաղթղթեր կեղծել: Ալիկ Սարգսյանն այսօր հորդորեց «ճիշտ հասկանալ իրեն»՝ ի վերջո 10 տարի է անցել: Միևնույն ժամանակ, նա ոչինչ չի բացառում: Ուշագրավ է, որ նախկին ոստիկանապետը նաև դժվարանում է գնահատել՝ 2008 թ․ մարտի 1-ին որքանո՞վ են իրավաչափ եղել ոստիկանության գործողությունները․ նախկինում նա այդ հանգամանքը երբեք կասկածի տակ չէր դրել:

«Անցել է 10 տարի, խնդրում եմ՝ ինձ էլ ճիշտ հասկացեք, ես ոչ թե խուսափում եմ պատասխանից, ուղղակի մտավախություն ունեմ, որ կարող է ճիշտ չկարողանամ պատասխանել: Հնարավոր է՝ ինչ-որ փաստաթուղթ հայտնված լինի սեղանիս այն ժամանակ, որ այս-այս հիմնավորումներով և այլն․․․ դա կարող էր ինձ սովորական, առօրեական թվալ, որովհետև նույն օպերայի տարածքն ազատելիս կարծեմ թե զոհեր չեն եղել: Ընդհակառակը՝ որքան հիշում եմ՝ դիմադրություն է եղել ոստիկանությանը: Էս պահին դժվարանում եմ ասել՝ համաչափ է եղել, իրավաչափ է եղել ոստիկանության գործողությունը, բայց որպես էդպիսին, նման փաստաթուղթ չեմ հիշում»,- ասաց Սարգսյանը, հավելելով՝ դրա հետ կապված երբեք որևէ բան չի բացառում, եթե դա անմիջականորեն իր հետ կապված չէ: Բայց «ամեն ինչ հնարավոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG