Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն «փաստերի խեղաթյուրում» է համարում Քոչարյանի պաշտպանի հայտարարությունը


ՀՔԾ-ն արձագանքել է Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, մասնավորապես, նշելով․ «Պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը, հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը:

Հաշվի առնելով վերոգրյալը` կարող ենք ենթադրել, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կամ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը կասկածի տակ է դնում հենց պաշտպանի` որպես փաստաբանի և իրավաբանի կոմպետենտությունը, ուստի հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:

Այսօր Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, թե սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը ստորագրություն կտա երկրից չբացակայելու համար, թեև, պաշտպանական կողմի պնդմամբ, Հատուկ քննչական ծառայության՝ երեկ սահմանած այդ խափանման միջոցն ապօրինի է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG