Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբաններն ապօրինի են համարում ՀՔԾ որոշումը, մտադիր են բողոքարկել այն


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, 5-ը սեպտեմբերի, 2018 թ․

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը ստորագրություն կտա երկրից չբացակայելու համար, թեև, պաշտպանական կողմի պնդմամբ, Հատուկ քննչական ծառայության՝ երեկ սահմանած այդ խափանման միջոցն ապօրինի է։ Այս մասին այսօր հայտարարեցին Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը: Նրանց խոսքով՝ ՀՔԾ քննիչի որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո, իրենք այն կբողոքարկեն դատախազությունում և դատարանում։

«Այսօր պաշտպանյալի հետ քննարկել ենք, որևէ կերպ [քննությունը] խոչընդոտելու նպատակ չունենք, եթե կարիք կլինի, համապատասխան ստորագրությունը կտրվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օրբելյանը: Փաստաբանները, սակայն, չեն հստակեցնում՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմնին է հանձնել իր անձնագրերը․ «Թեև այդ հարցը նախաքննական գաղտնիք չէ, բայց հաշվի առնելով ՀՔԾ սովորությունը՝ ցանկացած նման ինֆորմացիայի հոսք օգտագործել ոչ իրավաչափ եղանակով, դրա մասին այս պահին կլռենք»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Այս տարվա Հուլիսի 27-ին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը 20 օրից էլ քիչ մնաց ճաղերի հետևում․ օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, նա կալանքից ազատ արձակվեց: Օրեր առաջ երկրորդ նախագահը հայտարարեց բուժզննում անցնելու նպատակով Գերմանիա մենկելու մտադրության մասին, սակայն ՀՔԾ-ն երեկ որոշեց արգելել նրան՝ լքել երկիրը, Քոչարյանի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալը որպես նոր խափանման միջոց կիրառելով։ Վերջինիս փաստաբանների պնդմամբ՝ ՀՔԾ-ի այդ որոշումը տրամաբանորեն հակասում է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը։

«Խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձը չուներ տեղաշարժվելու որևէ սահմանափակում, այդ թվում նաև՝ արտասահման գնալու և վերադառնալու»,- այսօր ասաց Օրբելյանը:

Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազությունն արդեն վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Վճռաբեկ ատյան են դիմել նաև Քոչարյանի փաստաբանները: Բողոքները կքննվեն երեք ամսվա ընթացքում։ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի պնդմամբ՝ 2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ապօրինի կերպով է ենթարկվում քրեական հետապնդման․ ըստ պաշտպանների՝ Վերաքննիչ դատարանի որոշումից անմիջապես հետո ՀՔԾ-ն պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանի մասով կարճել քրգործը։

ՀՔԾ-ն մարտի 1-ի իրադարձությունների առանցքային դրվագներից մեկի վերաբերյալ նախօրեին նոր բացահայտման մասին հայտարարեց։ Իրավապահների պնդմամբ, ցուցարարներին Ազատության հրապարակից ցրելու «հակաօրինական գործողության» պատասխանատվությունից խուսափելու համար՝ այն ժամանակվա բարձրաստիճան ոստիկանները կեղծ փաստաղթեր են կազմել այն մասին, թե իբր փետերվարի 29-ին Ազատության հրապարակում ռազմամթերքի առկայության ահազանգեր են ստացել։ Քոչարյանի ընդդիմախոսները վստահ են՝ բարձրաստիճան ոստիկանները դա կատարել են նրա հրահանգով։ Երկրորդ նախագահի փաստաբանները, մինչդեռ, պնդում են՝ իրենց պաշտպանյալն այդ դրվագի հետ առնչություն չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG