Մատչելիության հղումներ

Դեն Բիլզերյանի այցը Ղարաբաղ հակասական է ընկալվել


Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր ստանալիս, Երևան, 27-ը օգոստոսի, 2018 թ․
Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր ստանալիս, Երևան, 27-ը օգոստոսի, 2018 թ․

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամում» և «Թվիթերում» միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանն այսօր մեկնեց Հայաստանից։ Նախքան մեկնելը նա այցելեց Ծիծեռնակաբերդ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա «Ինստագրամի» էջից։

Հայաստանում երկու օր անցկացրած Բիլզերյանը եղբոր՝ Ադամի հետ դիմել էր հայկական անձնագիր ստանալու խնդրանքով և մասնակցել երդման արարողությանը։ Իր ցոփ ու շվայտ կյանքով հայտնի սոցիալական ցանցերի աստղը, որը սովորաբար բազմաթիվ, հիմնականում կիսամերկ կանանց ընկերակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում, Հայաստան էր եկել իր ընկերուհիներից միայն երկուսի հետ։ Արդեն Հայաստանում Բիլզերյանին ուղեկցում էր նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Ալկոհոլի, կանանց, էքստրեմալ մարզաձևերի, զենքերի և մեքենաների մոլի սիրահար 37-ամյա Դեն Բիլզերյանն այցելեց նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ ցուցադրեց տարբեր զինատեսակներից կրակելու իր հմտությունները։

Բիլզերյանի հետ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բիլզերյանի այցը կարևոր էր՝ Ղարաբաղը ճանաչելի դարձնելու տեսանկյունից: Հիշեցրեց նաև Բիլզերյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մատնանշեց նրա «քաղաքական կապերը»:

«Մենք ունենք իրավիճակ, երբ չճանաչված պետություն լինելու պատճառով չենք կարողանում ներկայանալ աշխարհին պատշաճ ձևով: Ադրբեջանն, իր հերթին, ջանքեր է գործադրում, որ մեզ այդ հարցում խանգարի, և Արցախի մասին շատ քիչ մարդ գիտի։ Բիլզերյանի այցը կարևոր է հենց միայն այն հանգամանքով, որ մենք կունենանք այդպիսի տեսանելիություն, մենք արդեն որոշակիորեն ունենք այդ տեսանելիությունը։ Բիլզերյանի մասով մասնագետները պնդում են, որ նա ունի որոշակի քաղաքական կապեր»,- ասաց Մելիքյանը:

Մինչդեռ Բիլզերյանի՝ Ղարաբաղ կատարած այցը նաև քննադատությունների տեղիք է տվել: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ լավ է, որ հայերն իրենց հայրենիք գոնե մեկ անգամ այցելում են, բայց առնվազն լուրջ չէ Բիլզերյանի միջոցով քաղաքական կապեր հաստատելու միտքը, որն այս օրերին շրջանառվում է սոցցանցերում:

«Քննադատություններն ավելի շատ հնչում են ոչ թե այն բանի համար, թե ինչու է Բիլզերյանն այցելել, կամ թե ինչպես է Քոչարյանի ընտանիքը նրան օգտագործել իր PR-ի համար, այլ թե՝ որ հյուրին ինչպես ես մեծարում: Որպես մոդել եթե դափնեպսակներ ես դնում, նրան վերագրում ես ինչ-որ քաղաքական կարևորագույն խորհուրդներ, որպես ԱՄՆ-ի նախագահի հետ հարցեր լուծող կամ աշխարհում Արցախի մասին խոսող՝ ներեցեք, սա լուրջ չէ։ Եվ պետք չէ այդպիսի ակնկալիքներ ունենալ։

Եթե մեր ՀՀ-ԱՄՆ [հարաբերությունները] ԱՄՆ նախագահի հետ կապերի առումով մնալու է Դեն Բիլզերյանի հույսին, ներեցեք՝ կարելի է ՀՀ-ն փակել ու գնալ։ Բա դիվանագիտական կորպուս ունենք, ի վերջո այլ պատշաճ ձևեր կան որևէ նախագահի հետ հաղորդակցվելու։ Եթե Արցախի հարցն էլ է մնալու իր հույսին, կներեք՝ ուրեմն խաչ քաշենք էդ հարցի վրա»,- ասում է Սաֆարյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակն, ի դեպ, տեղեկացրեց, որ Բիլզերյանը Հայաստանի ՊՆ ինքնաթիռով է մեկնել Ղարաբաղ, և այդ խնդրանքով ՊՆ-ին դիմել է Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Դեն Բիլզերյանը և նրան ուղեկցող կանայք թեև արդեն լքել են Հայաստանը, բայց շարունակում են համացանցում հանդես գալ հրպարակումներով, որոնցում պատմում են Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG