Մատչելիության հղումներ

Արմավիրում բողոքող խաղողագործները հանդիպում են ունեցել գյուղնախարարի հետ


Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան

Արմավիրի մարզի խաղողագործներին հուզող խնդիրն այսօր էլ լուծում չստացավ:

Նրանք երեկ փակել էին Արմավիր - Երևան մայրուղին՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գնից:

Երևանի կոնյակի գործարանը որոշել է խաղողը մթերել կիլոգրամը 140 դրամով, իսկ խաղողագործները պահանջում են գինը բարձրացնել մինչև 160-180 դրամ:

Նրանք այսօր իրենց բողոքի ակցիան սկսեցին Արմավիրի մարզպետարանի շենքի մոտ, ուր ավելի ուշ եկավ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նախարարին ուղղված հարցերը շատ էին՝ թունաքիմիկատների որակից, մենաշնորհային շուկայից սկսած մինչև խաղողի արտահանման խոչընդոտներ: Առիթը բաց չթողեցին և բողոքեցին պաշտոնյաներից, խաղող մթերող ընկերություններից, որ չեն այցելում խաղողագործներին ու հետաքրքրվում նրանց դարդ ու ցավով․ - «Ո՞ր մի գործարարն ա մինչև հիմա էկել ու ասել՝ տղրեք, ինչքա՞ն տանք ձեզ, որ խաղողը ձեռնտու լինի մշակելը»:

Գյուղացիների դժգոհությունները, առաջարկի ու պահանջարկի վերաբերյալ վերլուծությունները լսելուց հետո նախարարն ընդհատեց՝ երեկ կոնյակ արտադրող ընկերություների հետ հանդիպման ժամանակ նշվել է խելամիտ գների առաջարկի մասին․ - «Ասում են՝ ուղերձը հստակ է եղել, որ գինը պետք ա լինի խելամիտ, քանակը մթերման պետք ա լինի խելամիտ: Այսքան խելամտությունը մի քիչ առաձգական հասկացողություն ա․․․ մենք խելամտության կողմնակիցն ենք: Հիմա որ դուք էլ 400 դրամ ասեք, պարզ ա, էդ էլ խելամիտ չի: Մենք պետք ա խոսանք էդ խելամտությունը պահպանելու ուղղությամբ»:

Խաղողագործները պատասխանեցին այլ առաջարկով․ Եթե ընկերությունները 140 դրամից բարձր գնով չեն կարող մթերել, թող կառավարությունը 30-40 դրամի սուբսիդավորում տրամադրի, որ կարողանան 170-180 դրամով մթերել իրենց քրտինքով մշակած խաղողը:

Նախարարի արձագանքը բացասական էր․ առաջարկը ռիսկային է, խնդրին համալիր լուծում է հարկավոր․ - «[Մթերողը] Անընդհատ կարող ա գինը գցի՝ իմանալով, որ պետությունը սուբսիդավորելու է, արդյունքում գյուղացին ստանա իր գումարը, ընկերությունը իր բարձր գինը ստանա, բայց մեր բոլորից եկած հարկերը գնան անարդյունավետ օգտագործման: Դրա համար էս մեխանիզմը, քանի դեռ դու չունես իրական պատկերը, շատ ռիսկային է»:

Խաղողագործների և նախարարի բուռն հանդիպումն ավարտվեց առանց կոնկրետ լուծման: Արմավիրցիները պայման դրեցին, նախօրեի պես չեն վարվի՝ Արմավիր-Երևան ճանապարհը չեն փակի, ծայրահեղ քայլերից զերծ կմնան և կսպասեն պատասխանին:

«Կոնկրետ գին էսօր չեմ կարող ասել, քանակ չեմ կարող ասել, ժամանակ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ մենք իրանց հետ նորից մի անգամ ավելի հստակ կխոսենք, մեր բոլորիս ընդհանուր, այստեղ ձևավորված կարծիքը կհայտնենք», - խոստացավ Արթուր Խաչատրյանը:

XS
SM
MD
LG