Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանի կառավարության բարեփոխումներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, 4-ը սեպտեմբերի, 2018թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, 4-ը սեպտեմբերի, 2018թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և կառավարությունը կարևորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը:

Թոմաս Գրեմինգերը, ըստ պաշտոնական աղբյուրի, ողջունել է Հայաստանում երկրում տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին:

Հայաստանի վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ և ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG