Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերիի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ հաղորդագրության, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու ԵԱՀԿ հետ ակտիվ գործակցությունը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Մնացականյանը նշել է, որ նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունն է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակել երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Զոհրաբ Մնացականյանը հատուկ անդրադարձել է կառավարության առաջնահերթություններից համարվող զարգացման օրակարգին, որի հիմնական հենասյուներից է նորարարությունը, այդ թվում՝ ստեղծագործ կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Մնացականյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունն ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Երկուստեք ընդգծվեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։ Այդ ուղղությամբ ԱԳ ղեկավարն առաջնային որակեց նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարումը, հրադադարի ռեժիմի խախտումների և ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG