Կրեմլը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այն պնդումը, որի համաձայն «Մոսկվան երազում է Եվրոպական միությունը քայքայելու մասին»:
Մակրոնն այդ մասին երեկ ասել է Շվեդիայի հանրային հեռուստատեսության (SVT) թղթակցին տված հարցազրույցում:
«Ես հարգում եմ Պուտինին և ցանկանում եմ համագործակցել նրա հետ անվտանգության համակարգ ստեղծելու խնդրում, մեզ անհրաժեշտ է երկխոսել Պուտինի հետ, բայց Պուտինը երազում է քայքայել Եվրամիությունը», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ Մոսկվան չունի Եվրամիությունը քայքայելու ցանկություն:
Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է, որ «Եվրոպական միության կայունությունը և բարգավաճումը բխում է Ռուսաստանի շահերից»:
«Նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին մի քանի առիթներով է ասել, և մեր դիրքորոշումը չի փոխվել», - նշել է Կրեմլի խոսնակը:
Նա ավելացրել է, որ Պուտինը ցանկանում է զարգացնել համագործակցությունը Եվրամիության անդամների հետ և հարգում է Մակրոնին: