Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Շվեդիայում հեռարձակվող SVT հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե հարգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և համոզված է, որ նրա հետ պետք է երկխոսել անվտանգության արդիական համակարգ կայացնելու համար, սակայն դեմ է նրա վարած քաղաքականությանը Եվրոպայի նկատմամբ:
«Նրա հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես Պուտինի քաղաքականությունն օրինակելի չեմ համարում», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
«Ես հարգում եմ նախագահ Պուտինին, բայց նրա երազանքն է քայքայել Եվրամիությունը», - հայտարարել է Մակրոնը:
Հարցազրույցում նա անդրադարձել է Եվրոպական միությունից Շվեդիայի դուրս գալու հնարավորությանը, որը պարբերաբար ակտիվորեն քննարկում են այդ երկրի քաղաքական շրջանակներում: Նա ասել է, թե չի պատկերացնում Շվեդիայի ապագան եվրոպական արժեհամակարգից դուրս:
Հաղորդավարը նշել է, որ մի առիթով Շվեդիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յիմի Օկեսոնին խնդրել են ասել, թե ո՞վ է նախընտրելի որպես պետության ղեկավար՝ Վլադիմիր Պուտի՞նը, թե՞ Էմանյուել Մակրոնը, և այդ կուսակցապետը հրաժարվել է պատասխանել հարցին: Մակրոնը արձագանքել է․ - «Կարծում եմ, դա շատ բաների մասին է խոսում: Դա նշանակում է, որ այդ գործիչը չի ըմբռնում առաջնահերթությունները, չի կարողանում տեսնել մարդու իրավունքները հարգող երկրի, Եվրամիության անդամ Ֆրանսիայի տարբերությունը մեկ ուրիշ պետությունից, որը շատ զարգացած չէ մարդու իրավունքներն ապահովելու առումով»: «Այդպիսի երկիրը [Ռուսաստանը] չի կարող օրինակ ծառայել Շվեդիայի համար», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Հարցազրույցում Էմանյուել Մակրոնը խոսել է նաև եվրոպական անվտանգության մասին՝ համոզմունք հայտնելով, որ Եվրոպան այլևս չպետք է անվտանգության հարցում բացառապես ապավինի Ամերիկայի Միացյալ Նահանգներին: «Մենք պետք է ինքներս ստանձնենք պատասխանատվությունը և երաշխավորենք Եվրոպայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը», - ասել է նա:
Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին Մակրոնը եվրոպացիներին առաջարկել է «Եվրոպական միջամտության նախաձեռնություն» ծրագիրը, որին միացել են Բելգիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը: Դեռևս ձևավորման փուլում գտնվող դաշինքը չի հակադրվելու ՆԱՏՕ-ին, այլ ընդհակառակը՝ ենթադրվում է ՆԱՏՕ-ի հետ գործողությունների համակարգում: Նախաձեռնության անդամ երկրների ներկայացուցիչները գրասենյակ ունեն Ֆրանսիայի պաշտպանության նախարարության շենքում:
Անցած շաբաթ Ֆինլանդիայում Մակրոնն ասել է, որ «Եվրոպական միջամտության նախաձեռնությունը» Հին աշխարհամասի անվտանգության ամրապնդման ևս մեկ տարրն է, որը կխթանի պաշտպանությունը: «Դա մեր պաշտպանական մշակույթի, համատեղ ծրագրավորման, համատեղ գործողությունների և մեր բանակների համագործակցության համար է», - ասել է Ֆրանսիայի նախագահը: