Մատչելիության հղումներ

Արամ Աթեշյանը Էրդողանի հրավերով Անկարայում մասնակցել է հաղթանակի տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը


Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Էջմիածնում, արխիվ
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Էջմիածնում, արխիվ

Օրերս Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով Անկարայում մասնակցել է հաղթանակի տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Աթեշյանն իր ֆեյսբուքյան էջում նախագահի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել՝ թողնելով դրանք առանց մեկնաբանության:

«Արքեպիսկոպոս Աթեշյանը կարճ, բայց անմիջական զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ՝ նրան փոխանցելով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ պատրիարքական աթոռի, հոգևոր դասի և համայնքի անունից: Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոսին», - գրում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը։

Հանդիպման ընթացքում, սակայն, համայնքային խնդիրներ չեն քննարկվել, չի շոշափվել նաև նոր պատրիարքի ընտրության թեման: Չնայած նախագահ Էրդողանը դեռ անցած տարի խոստացել էր այս հարցին ընթացք տալ ապրիլյան սահմանադրական հանրաքվեից հետո, այնուհանդերձ մինչ օրս այս ուղղությամբ որևէ զարգացում չկա:

Վերջին տասնամյակում Ստամբուլի հայ համայնքի օրակարգում գտնվող Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը շարունակում է առկախված մնալ:

Այս տարվա փետրվարի սկզբին Ստամբուլի նահանգապետարանը անվավեր համարեց 2017-ի մարտին պատրիարքական տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը:

Թուրքական իշխանությունների հիմնավորմամբ, նոր պատրիարքի ընտրությունը իրավական տեսանկյունից հնարավոր չէ, քանզի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան:

Արդյունքում, կրոնական ժողովի որոշմամբ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակեց մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում: Չնայած հայ համայնքի մի մասը պարբերաբար բարձրաձայնում է իր դժգոհության ու անհապաղ նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտության մասին, փաստ է, որ առանց թուրքական իշխանությունների թույլտվության նման գործընթաց չի կարող սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG