Իսրայելի իշխանությունները չեն բացառում, որ կարող են օդային հարվածներ հասցնել ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում` թիրախավորելով այդ երկրի տարածքում գտնվող իրանական ռազմական օբյեկտները: Այսօր Երուսաղեմում նման հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Բնական է, որ մենք դիտարկում ենք այն ամենը, ինչ կատարվում է Սիրիայում` իրանական սպառնալիքի տեսանկյունից: Բայց մենք բացառապես Սիրիայի տարածքով չենք սահմանափակվում: Իսրայելը գործողությունների լիակատար ազատություն ունի», - հավելել է Լիբերմանը:
Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարությունը հնչեց մամուլում հայտնված այն տեղեկությունների ֆոնին, որոնց համաձայն Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է տրամադրել Իրաքում գործող շիա մահմեդականների խմբավորումներին: Բաղդադն ու Թեհրանը այս տեղեկությունները հերքում են: