Մատչելիության հղումներ

Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կուժեղանան անկախական տրամադրությունները․ հարցում


Մեծ Բրիտանիա - Եվրամիությունում մնալու կողմնակից բրիտանացին ծածանում է ԵՄ և Միացյալ Թագավորության դրոշները, Լոնդոն, սեպտեմբեր, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Եվրամիությունում մնալու կողմնակից բրիտանացին ծածանում է ԵՄ և Միացյալ Թագավորության դրոշները, Լոնդոն, սեպտեմբեր, 2017թ․

Սոցիոլոգիական նոր հարցումը ցույց է տալիս, որ Եվրամիությունից դուրս գալուց՝ Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում, մասնավորապես՝ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, կուժեղանան անկախական տրամադրությունները․ Շոտլանդիայում կավելանան անկախության, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ Իռլանդիայի հետ վերամիավորվելու կողմնակիցները:

Եվրոպամետ հետազոտական կազմակերպության համբավ ունեցող Best for Britain-ի այսօր հրապարակած տվյալների համաձայն, եթե անկախության հանրաքվեն Շոտլանդիայում կայանա Brexit-ից հետո, ապա քվեարկելու իրավունք ունեցողների 47 տոկոսը կողմ կլինի Լոնդոնից անկախանալուն, 43 տոկոսը՝ դեմ: Մնացածը չեն կողմնորոշվել:

Եթե Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, թվերը ճիշտ հակառակը կլինեն: 2014 թվականին Շոտլանդիայում անցկացվեց անկախության հանրաքվե, և այն ժամանակ 55 տոկոսը դեմ էր անկախությանը, 45 տոկոսը՝ կողմ: Հյուսիսային Իռլանդիայի պարագայում, քվեարկելու իրավունք ունեցողների 52 տոկոսն ասել է, որ Brexit-ից հետո կցանկանա միանալ Իռլանդիային, Միացյալ Թագավորության կազմում մնալուն կողմ է եղել 39 տոկոսը:

2016 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքում պարզվեց, որ քվեարկելու իրավունք ունեցողների մեծ մասը Եվրամիությունից երկրի դուրս գալու կողմնակից է: Թեև Brexit-ի շուրջ Բրյուսելի ու Լոնդոնի բանակցությունները դեռ չեն ավարտվել, սակայն Մեծ Բրիտանիան ծրագրում է դուրս գալ Եվրամիությունից գալիք տարվա մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG