Նավթի մեծածավալ ներկրմամբ զբաղվող ճապոնական խոշորագույն ընկերությունները մտադիր են մյուս ամիս դադարեցնել հում նավթի ներմուծումը Իրանից: Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ, պատճառը Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են և Վաշինգտոնի նախազգուշացումը, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև այն ընկերությունների նկատմամբ, որոնք գործ կունենան Իրանի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիսին հայտարարեց Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցները նոր թափով վերականգնելու մասին: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նոյեմբերին պատժամիջոցներ են կիրառվելու նաև իրանական նավթի արտահանման ու բանկային ոլորտի նկատմամբ: