Մատչելիության հղումներ

Ճարտարապետները դեմ են Ազգային պատկերասրահի մուտքի մոտ արձանների տեղադրմանը


Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը:
Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը:

Հանրապետության հրապարակը պատմամշակութային արժեք է, և ոչ մի դեպքում չի կարելի խաթարել նրա ամբողջականությունը․ այսպիսի կարծիք այսօր հրավիրված ասուլիսին հայտնեցին ճարտարապետներ Անուշ Տեր-Մինասյանն ու Գուրգեն Մուշեղյանը՝ անդրադառնալով Ազգային պատկերասրահի մուտքի մոտ քանդակագործ Տիգրան Արզումանյանի կերտած Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ թագավորի 8 մետրանոց արձանները տեղադրելու մտադրությանը:

«Քանի որ հրապարակը համարվում է հուշարձան, հուշարձանի մեջ եթե մենք միջամտություն ենք կատարում, դրա համար անպայման պետք է լինի համապատասխան որոշում: Հետո նոր մրցույթ հայտարարվի, թե անում ենք էս արձանները թե չենք անում», - ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Նա նաև հարց է բարձրացնում, թե որքանով է նպատակահարմար կամ տրամաբանական հենց Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-ի արձանների տեղադրումը Ազգային Պատկերասրահի գլխավոր մուտքի մոտ․ - «Այն արձանը, որ կանգնում է տվյալ տեղում, իր բովանդակությամբ, իր գործունեությամբ համապատասխանո՞ւմ է տվյալ կառույցի հետ, փոխկապակցություն ունի՞, թե՞ չունի, որովհետև Հանրապետության հրապարակը ձևավորվել է բավականին շուտ՝ սկսած Թամանյանից և այլն, ևայլն: Թե՞ մենք ուղղակի դնում ենք որպես ազգի համար շատ գնահատելի անձնավորություններ՝ Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Երրորդ, որոնք մեծ դեր են խաղաղել Հայաստանում քրիստոնեության հաստատման գործում: Սա էլ տեղի հարցը արդեն պետք է լուծվի, բացի ոճայինից»:

Իսկ ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը նման միջամտությունը ոչ միայն անիմաստ է համարում, այլև պնդում է, որ Ազգային պատկերասրահի գլխավոր մուտքի կամարաշարը պետք է անպայման բաց լինի, ինչպիսին էր մի քանի տարի առաջ և հետո ինչ-ինչ պատճառներով ապակեպատեցին այն:

Եվ ամենակարևորը, Անուշ Տեր-Մինասյանի համոզմամբ հեղինակի՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի օրոք է շենքը շահագործման հանձնվել, և այդտեղ արձաններ չեն տեղադրվել․ - «Չի կարելի հեղինակի արած էսքիզներից մեկը հանել, ասել՝ տեսեք, ինքը էսպես էր ուզում: Բայց ինքը էսքիզ է արել․․․ Դա միևնույնն է, եթե գրողի գրածը, ասենք, հարյուր տարբերակ է, չէ՞, մարդը գրում և հաջող չի համարում, դնում է մի կողմ, նորից է գրում: Հետո ինքը տպում է այն, ինչ որ ուզում է: Եթե նա [Մարկ Գրիգորյանը] վերջնական տարբերակում դա հաշվի չի առել․․․ Ուրիշ բան, եթե մահացավ ճարտարապետը, չհասցրեց կառուցել: Բայց այս մարդը կառուցել է այնպես, ինչպես ուզել ա: Եթե նա ինչ-որ մի ժամանակ էսքիզում մի բան նախատեսել է, չի կարելի նրա կամքին հակառակ կամ կամքից անկախ, հանել դա և ասել՝ էսօր սա իրականացնում ենք»:

Ասուլիսին մասնակցում էր և անվանի ճարտարապետի թոռը՝ Մարկ Գրիգորյանը: Նա ասաց․ - «Այո, նախագծում ինչ-որ տարբերակներից մեկում կար՝ կանգնեցնել արձաններ յուրաքանչյուր կամարի տակ․ այդտեղ պիտի լինեին Սպանդարյանի և Մյասնիկյանի արձանները, Հովսեփ Օրբելիի արձանը, Հայկի արձանը և այլն: Այդ ամեն ինչը տեղի չունեցավ, և ես կարող եմ պնդել, որ Մարկ Գրիգորյանը, լինելով Հայաստանում իր շենքերը արձաններով զարդարող կամ միավորող քանդակագործությունը և ճարտարապետությունը մի ընդհանուր կոմպլեքսի մեջ, եղել էր լավագույն կամ գուցե միակ վարպետը: Ես նկատի ունեմ Մատենադարանի շենքը: Հիմա ժամանակները փոխվել են, մենք արդեն Մարկ Գրիգորյանից հետո գործ ունենք չորրորդ սերունդ ճարտարապետների հետ: Եվ ոճն է փոխվում․ հրապարակի վրա արդեն կա երեք ոճի միասնություն: Քանդակները այսօր կառուցել այդ երեք ոճերից ցանկացածի մեջ հնարավոր չէ: Ոչ թե որովհետև քանդակագործներն են վատը, այլ որովհետև ժամանակն է փոխվել: Հիմա կառուցել այնպես, ինչպես կառուցում էին 50-ական թվականներին, ուղղակի հնարավոր չէ: Մարդկանց մտածելակերպն է փոխվել, ամեն ինչ փոխվել է, և քանդակագործության մոտեցումներն էլ են փոխվել: Ժամանակն է հարգենք ու ասենք՝ Հանրապետության հրապարակը պատմական և մշակութային հուշարձան է, հերիք մենք միջամտենք այդ հուշարձանին: Կամ եթե միջամտում ենք, դա պիտի արվի սարսափելի նրբանկատ և ուշադիր կերպով: Եվ առանց մասնագիտական, իսկ հետո նաև հանրային քննարկումների, դա անել հնարավոր չէ: Եվ չի կարելի ոչ մի դեպքում»:

Գուրգեն Մուշեղյանի համոզմամբ, այս ամենը տասնյակ տարիների ամենաթողության հետևանք է․ - «Յուրաքանչյուրը անպայման ձգտում է, որպեսզի իր միջամտությունն ունենա Երևանի կառուցապատման, ձևավորման, հուշարձանների մեջ: Դա անթույլատրելի երևույթ է: Սա է խնդիրը: Էսօրվա մեր քաղաքի կենտրոնը, որ էս վիճակում ա գտնվում․․․ Թքած ունեցանք ամեն ինչի վրա, ինչ որ կարելի էր պահպանել: Ամբողջ Հայաստանը կենտրոնացրեցինք Երևանի մեջ, Երևանն էլ կենտրոնացրեցինք Երևանի կենտրոնում․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG