Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը Տավուշում ծանոթացել են ժամկետային զինծառայողներին փոխարինած ոստիկանների ծառայությանը


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։

«Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, քննարկեցինք ծառայությանն առնչվող մի շարք հարցեր», - Ֆեյսուքի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

Օրերս Հայաստանի ոստիկանապետն ասել էր, որ վարչապետի հետ քննարկումների արդյունքում որոշել են առաջարկել Հայաստանի ոստիկանական զորքերին՝ մեկնել ծառայության Հայաստանի սահմաններ: Վալերի Օսիպյանի խոսքով՝ ոստիկանական զորքերում այդ առաջարկը միաձայն ընդունվել է։

Օգոստոսի 23-ին Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների առաջին խումբը մեկնեց հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ մարտական հերթապահություն իրականացնելու:

«Հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին է դիմում, երբ հայտնվում է ծանր իրավիճակում: Եվ մեր խնդիրն է՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, ընկալեն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականությունը, Սահմանադրությունը, անվտանգությունը»,- ճանապարհման հանդիսավոր արարողությանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG