Մատչելիության հղումներ

Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունն ավարտվել է


«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյան, արխիվ:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյան, արխիվ:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից գործարար, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունն ավարտվել է և գործի նյութերն ուղարկվել են կողմերին։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է մեղադրանքը, ըստ որի Բեգլարյանը բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն է կատարել, ինչի հետևանքով տուժել է նրա որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին աշխատակից Արման Մկրտումյանը։

Բարսեղ Բեգլարյան ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե չի ընդունում մեղադրանքը։

Նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյան «Ազատության» հետ զրույցում ասաց, թե գործն ուղղորդված է Բեգլարյանի դեմ՝ չցանկանալով, սակայն, այն կապել Սերժ Սարգսյանի մտերիմ լինելու հանգամանքի հետ․ - «Վարույթն իրականացնող մարմինը շտապում ա գործն ուղարկի դատարան, որովհետև առերեսումներ անելու պարագայում կհերքվի տուժողի սուտը, և արդեն դատարան ուղարկելու գործ չի մնա»:

Նկատենք, որ Բարսեղ Բեգլարյանը այս գործով կասկածյալ, ապա մեղադրյալ ճանաչվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ։ Քրեական գործը, սակայն, հարուցվել էր դեռ Սերժ Սարգսյանի օրոք։

Այս գործով տուժող ճանաչված, ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն 39-ամյա Արման Մկրտումյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ իր բնակարանը տարիներ առաջ գրավ է դրել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի մարդկանց կողմից իր դեմ կիրառված բռնությունից հետո: «Ազատությանը» նա պատմել էր, որ Բարսեղ Բեգլարյանը զենքով մարդիկ էր բերել իր դեմ. - «Բռնության գործադրմանը ականատես մարդիկ են եղել, բռնությունը գործադրվել է «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոնֆերենս դահլիճում, հետո ինձ հեռացրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի տարածքից: Բռնությունը գործադրել ա «Ֆլեշ» բազայի տնօրենը՝ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և հովանավորմամբ․․․ Եթե փակագծերը մի քիչ բացեմ, Բարսեղ Բեգլարյանը զենքով մարդիկ էր բերել վրես՝ հաստատ իմանալով, որ ես որևիցե առնչություն չունեմ յուրացումներին»:

Նախաքննական մարմնի հաղորդմամբ, Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից դեռ 2015-ին կատարվել էր խոշոր չափերի գույքի հափշտակություն։ Բեգլարյանները այդ հանցագործության մեջ մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին և պահանջել վերականգնել պատճառված գույքային վնասը։

Ըստ Բեգլարյանի փաստաբանի, գործում կան հակասություններ, որոնք Քննչական կոմիտեն չի հստակեցրել․ - «Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի դեմ [ցուցմունք] տալիս են գործով շահագրգռված անձինք, որոնք իրենց ցուցմունքները հիմնավորող որևէ հիմնավոր ապացույց չեն ներկայացրել: Կան երեք անձինք, որոնք դժգոհ են կա՛մ «Ֆլեշից», կա՛մ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ից իրենց աշխատանքի հետ կապված, և էդ երեք անձինք միավորվել են ու անհեթեթ ցուցմունքներ են տալիս»:

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ նախաքննությունը արագ ավարտվեց, Քննչական կոմիտեն կարևոր անձանց հետ առերեսումներ չի արել, որոնց պարագայում մեղադրանքը չէր հիմնավորվի․ - «Առերեսում ընդամենը քննիչի կողմից կատարվել է տուժողի, Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի միջև: Սակայն առերեսում չի կատարվել տուժողի ցուցմունքում նշված թվով վեց այլ անձանց հետ, որոնք մինչև առերեսվելը ցուցմունք են տվել, հերքել են տուժող ցուցմունքը, որ որևէ բռնություն և սպառնալիք չի եղել տուժողի նկատմամբ»:

Մինչդեռ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանն» ասաց, որ այս քրեական գործը հարուցվել է փետրվար ամսին, և այս ժամանակահատվածում կատարվել են բոլոր պահանջվող գործողությունները մեղադրանքը հիմնավորելու համար։

Ավելին՝ դեռ տարիներ առաջ էին տեղեկություններ ստացել, որ ընկերությունում չարաշահումներ են եղել․ - «Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ: Եվ ձեռք բերված ապացույցների համակցությամբ տրվել են իրավական գնահատականներ»:

Ինչ վերաբերում է առերեսումներին, Տռուզյանը հավալեց․ - «Քրեական գործով կատարվել է 7-8 առերես հարցաքննություն՝ քրեական գործով անհրաժեշտությունից ելնելով: Առերես հարցաքննություններ կատարվել են, և այդ ամբողջի համակցությամբ են միայն տրվել իրավական գնահատականներ: Եթե փաստաբանը կարծում է, որ կան ապացույցներ, որոնք որ ձեռք չեն բերվել, նա կարող էր նաև նախաքննության փուլում համապատասխան միջնորդություններ ներկայացնել: Որքանով որ ես եմ տեղեկացված, նման միջնորդություն չի հարուցվել վարույթն իրականացնող մարմնի առաջ»:

Արման Մկրտումյանն «Ազատությանն» ասաց, որ նախաքննությունից գոհ է։

Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Ֆլեշ» ընկերության բազայի պետ Հրայր Հովսեփյանին, ում Արման Մկրտումյանը մատնացույց է անում որպես իր վրա զենք պահած մարդու։

XS
SM
MD
LG