Մատչելիության հղումներ

«Ֆլեշ»-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ վերոհիշյալ քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, «պարզվել է, որ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը»։

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանը 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում, ընկերության սեփականատիրոջ և հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա «Ֆլեշ»-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալ գործով որպես կասկածյալ հարցաքննվել է նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG