Մատչելիության հղումներ

Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Անկարան հաստատակամ է ռուսական S-400 համակարգեր ձեռք բերելու հարցում


Ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, արխիվ

Չնայած Վաշինգտոնի շարունակական ճնշումներին, Անկարան հայտարարում է, թե չի հրաժարվելու Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու մտադրությունից: «Դա ոչ թե քմահաճություն է, այլ անհրաժեշտություն»,- այսօր Լիտվայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հավելելով․ «Թուրքիան ԱՄՆ-ի նահանգներից մեկը չէ, այլ անկախ պետություն, որը պարտավոր է պաշտպանել իր օդային տարածքը: Ամերիկան պե՛տք է դա հասկանա»:

Ամերիկյան կողմը թեև չի առարկում, բայց և չի ընդունում, որ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկիրը ռազմական գործարքի մեջ մտնի Արևմուտքի հետ բազմաթիվ տարաձայնություններ ունեցող Ռուսաստանի հետ: Ամիսներ առաջ Միացյալ Նահանգներում մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական պետական «Անադոլու» գործակալության հրապարակած ինֆոգրաֆիկան, որը շռայլ կերպով գովաբանում էր ռուսական այդ համակարգն ու բացահայտ փաստում, որ դրա թիրախում կարող են հայտնվել հենց ամերիկյան ինքնաթիռները:

Պետքարտուղարության բազմաթիվ, սակայն անարդյունք զգուշացումներից հետո, ամիսներ առաջ, ԱՄՆ Կոնգրեսն անգամ հատուկ օրենք ընդունեց, որով սպառնում էր արգելել ամերիկյան գերժամանակակից, անտեսանելի համարվող F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, եթե Անկարան, այնուամենայնիվ, չհրաժարվի ռուսների հետ գործարքից: Երեկ այս հարցի շուրջ բանակցելու համար ամերիկյան Կոնգրեսի պաշտոնական մի պատվիրակություն է մեկնել Անկարա: Արտգործնախարար Չավուշօղլուի՝ այսօր հնչեցրած հայտարարություններից դատելով, սակայն, կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:

«Մենք F-35 կործանիչների ծրագրին մասնակցում ենք 1999 թվականից: Դրա որոշ մասեր Թուրքիայում են արտադրվում, և ես խորհուրդ կտայի Վաշինգտոնին՝ մի կողմ դնել սպառնալիքների լեզուն ու տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով: Եթե նրանց թվում է, թե կարող են անել՝ ինչ կամենան, ինչպես կովբոյների մասին ֆիլմերում, ուրեմն թող ակնկալեն համարժեք պատասխան»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Օր-օրի խորացող այս տարաձայնություններից բացի, թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում հատկապես սրվել են նաև ամերկացի պաստոր Էնդյու Բրանսոնի պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները երկու տարի է՝ պահում են անազատության մեջ, լրտեսության և ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Ամերիկացի հոգևորականին հայրենիք վերադարձնելու պահանջով Վաշինգտոնն այս ամսվա սկզբից մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ, որոնք արդեն իսկ լուրջ հարված են հասցրել այդ երկրի տնտեսությանը․ թուրքական լիրան տարսեկզբի համեմատ շուրջ 40 տոկոսով արեզրկվել է և շարունակում է ցած գլորվել: Իսկ մինչ թուրք գործարարներն ու սպառողները վնասներն են հաշվում, Էրդողանի վարաչկազմը փորձում է այլ դաշնակիցներ գտնել:

Երեկ հաղորդվեց, որ նախագահ Էրդողանը զանգահարել է Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի առաջնորդներին, արտգործնախարարը մեկնել է Լատվիա, իսկ էրդողանի փեսան՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Փարիզ: «Այս փուլում մեզ համար շատ ավելի մեծ կարևորություն է ստացել եվրոյով առևտուրը Ֆրանսիայի ու Եվրամիության հետո»,- հայտարարել է Ֆինանսների նախարարը և հավելել․ «Այս սահմանափակումները նոր հնարավորություններ են ստեղծում Թուրքիայի համար, բացի այդ՝ դրանք նաև կարևոր ներուժ ունեն Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերություններն ամրապնդելու տեսանկյունից: Սա ակնհայտ ցույց է տալիս, որ Եվրամիությունն ու Թուրքիան պետք է հարաբերությունների նոր փուլ սկսեն»:

Էլ ավելի ակնհայտ են Ռուսաստանի հետ մերձենալու՝ Անկարայի ջանքերը: Շաբաթներ առաջ ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովին Անկարայում հյուրընկալելուց հետո, անցած շաբաթավերջին, Թուրքիայի արտգործնախարարն էր մեկնել Մոսկվա: Այդ այցի կարևորությունն ընդգծելու համար Կրեմլը հաղորդեց, որ Մևլութ Չավուշօղլուին ընդունելի է նախագահ Պուտինը՝ բարձր գնահատելով ռուս-թուրքական համագործակցությունը Սիրիայում: Չավուշղլուն, իր հերթին, դիմելով Պուտինին, ասել էր․ «ձեր թանկագին ընկերը՝ Ռեջեփ Էրդողանը, անհամբերությամբ ակնկալում է հյուրընկալել ձեզ Ստամբուլում»:

Էրդողանն ու Պուտինը վերջին երկու տարում առնվազն 11 հանդիպում են ունեցել: Ակնալվում է, որ հաջորդ շաբաթ նրանք կրկին կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Թեհրանում, որտեղ նախատեսված է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը՝ սիրիական ճգնաժամին վերաբերող օրակարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG