Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին արդեն երկու օր է անազատության մեջ է


Նավալնին ոստիկանությունում, 25-ը օգոստոսի, 2018թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արդեն երկու օր է անազատության մեջ է, իշխանությունները նրան հաճախ են ձերբակալում՝ տարբեր պատճառներով:

Այսօր մոսկովյան դատարաններից մեկում լսվելու է ընդդիմադիր գործչի՝ հունվարի 28-ի բողոքի ակցիայի շրջանակներում գործը։

Նավալնուն կրկին ձերբակալել են շաբաթ օրը՝ օգոստոսի 25-ին՝ իր բնակարանի մոտ։ Սոցիալական ցանցերից մեկում Նավալնին գրել է, որ իրեն բերման են ենթարկել սեպտեմբերի 9-ին հայտարարված իր բողոքի երթը խոչընդոտելու համար։

Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում Նավալնին հայտարարել է կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ։

Ռուսաստանի իշխանությունները կենսաթոշակային բարեփոխումներ են նախաձեռնել, որոնց շրջանակում տղամարդիկ պետք է թոշակի անցնեն 65 տարեկանում, այսինքն՝ հինգ տարվ ուշ, կանայք՝ 63՝ ութ տարով ուշ։

Ռուսաստանում այս պատճառով բողոքի մեծ ալիք է բարձրացել և իշխանությունները մտահոգություն ունեն, որ Նավալնու՝ սեպտեմբերի 9-ի հայտարարված հավաքը կարող է չափազանց մարդաշատ լինել։

Ընդդիմադիր գործիչը միշտ բազմամարդ հավաքներ է անցկացնում, իսկ սեպտեմբերի 9-ի միջոցառումները կարող են էլ ավելի մարդաշատ լինել, քանի որ կենսաթոշակային ռեֆորմին գրեթե բոլորն են դեմ Ռուսաստանում։

Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայի քաղաքապետարանը թույլ չի տվել Նավալնու աջակիցներին սեպտեմբերի 9-ին Տվերսկայա փողոցում բողոքի երթ անցկացնել։ Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ քաղաքի կենտրոնում այդ օրը մի շարք կարևոր միջոցառումներ են անցկացվելու։

Օրենքը պահանջում է, որ քաղաքի իշխանությունները երթի համար այլընտրանքային տարբերակ առաջարկեն։ Քաղաքապետարանի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը երեկ, սակայն, հայտնել է, որ այլընտրանքային երթուղի ընդդիմադիրներին ևս իշխանությունները չեն առաջարկելու, քանի որ սոցիալական ցանցերում բողոքի երթի կազմակերպիչները բազմիցս հայտարարել են, որ միջոցառմանը կբարձրաձայնեն տարբեր հարցեր, այդ թվում՝ քաղաքական, որ որևէ կապ չունեն հայտարարված երթի թեմայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG