Մատչելիության հղումներ

Եթե ջրային մաֆիան գոյություն ունի, ինքը պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Սևանի ջրառի հարցը կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցն է։ Ասաց՝ տարբեր ձևաչափերով քննարկել են ոռոգման համակարգում եղած իրավիճակը և խնդիր ունեին ամեն ինչ անելու, որ Սևանա լճից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չլինի, սակայն այս դեպքում էլ գյուղատնտեսության համար էր բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծվում։

«Ոռոգման համակարգի գործունեությունն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանը ստանանք ու ոռոգման համակարգում գնանք լրջագույն, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, ջրային մաֆիայի գոյությունը», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասում է՝ եթե այդպիսի մաֆիա գոյություն ունի, այն շատ արագ պետք է կապիտուլացիայի ենթարկվի։

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընթացիկ տարում Սևանից մինչև 40 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջուր վերցնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ տեղեկություն ունեն, որ գյուղացիներն այս տարի աննախադեպ բերքի են սպասում և նրանց խանգարել չեն ցանկանում, սակայն եթե տեսնեն, որ ջրառից հնարավոր է խուսափել, նույնիսկ օրենքն ընդունելուց հետո հավելյալ ջրառի քայլին չեն դիմի:

Սևանա լճի՝ իրենց բնորոշմամբ աղետալի վիճակի մասին այս ամսվա սկզբին ահազանգեցին բնապահպանները։ Ասում էին՝ այդ մասին վկայում է նաև ջրիմուռների բազմացումը։ Ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետները համոզված են՝ վերցրած ջուրն այս տարիների ընթացքում ամբողջությամբ չի հասել գյուղացուն․ օգտվել են խոշոր ձկնաբուծարաններն ու ՀԷԿ-երը։ Վարչապետն ասաց՝ համագործակցության մթնոլորտում պետք է այս խնդիրները լուծեն։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հավելեց ՝ Հայաստանը ջրային ռեսուրսների առումով ինքնաբավ երկիր է, պարզապես պետք է կորուստներ թույլ չտալ ու ոլորտը ճիշտ համակարգել։ Վարչապետ Փաշինյանը համակարծիք է։

Սևան Ազգային պարկի տվյալներով Սևանի ջրի մակարդակը ամենացածրն է եղել 2001 թվականին՝ կազմելով 1896 մետր։ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ու պահպանման տարեկան ծրագրերը հաստատելու մասին» նույն թվականին ընդունված օրենքով արձանագրվեց՝ մինչև 2029 թվականը ջրի մակարդակը պետք է ավելացնել 6,5 մետրով։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով 2019-ի ապրիլից իրենք պատրաստվում են Արփա Սևանով հավելյալ ջուր տեղափոխել լիճ, որպեսզի ջրի բացթողումը վերականգնվի, նաև տարբերակներ կմտածեն Սևանից ջուր չվերցնելու համար։

Այսօր կառավարության նիստին հարցի քննարկումը շուրջ 40 րոպե տևեց։ Ջրառի որոշմանն, այդուամենայնիվ, դեմ քվեարկողներ չեղան։

Օգոստոսի 28-ին Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան կգումարվի, որտեղ Սևանից ջրառի հարցը նորից կքննարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG