Մատչելիության հղումներ

Ռոստոմյանը Օլիմպավանի միջադեպի առնչությամբ հարցաքննվել է որպես վկա


Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Ազատության» տաղավարում:

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ինքը ներկա չի գտնվել հուլիսի 2-ի երեկոյան Օլիմպավանում տեղի ունեցած միջադեպին և որևէ մանրամասն հայտնել այս պահին չի կարող։

Այս կերպ Ռոստոմյանը արձագանքեց «Ազատության» հարցին, թե ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունյանի և Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև։

Հուլիսի 2-ի երեկոյան Հարությունյանը «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով։ Ըստ տուժողի, նրան նախ հարվածել էր Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար, 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ։ Ոստիկանության նույն հաղորդմամբ ասվում էր նաև, որ միջադեպին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը, ով նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն է:

Ռոստոմյանն այսօր թեև հայտարարեց, որ ներկա չի եղել դեպքին, բայց տեղեկացրեց, որ հարցաքննվել է որպես վկա․ - «Ես որպես վկա հարցաքննվել եմ, և այս պահի դրությամբ նախաքննությունը շարունակվում է: Ուստի նախաքննության գաղտնիությունը ապահովելու համար որևէ տեղեկություն չեմ կարող տրամադրել»:

Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավարին։ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։ Իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Բաբայանը կալանքից ազատ է արձակվել 20 միլիոն դրամ գրավի դիմաց։

Այս գործում ևս մեկ ուշագրավ փաստ կա․ միջադեպից հետո տուժողի կինը հայտարարել է, որ ամուսինը ոչ թե ծեծվել է, այլ ընդամենը սայթաքել ու ընկել է։ Ռոստոմյանից այսօր նաև հետաքրքվեցին, թե ինչպես է արձագանքում այս հայտարարությանը, քանի որ ավելի վաղ ոստիկանապետը տարակուսանք էր հայտնել, թե ինչպես կարելի է սայթաքել ու նման մարմնական վնասվածքներ ստանալ։

Ռոստոմյանի պատասխանը․ - «Գնացեք ոստիկանապետից էլ հարցրեք»:

Նախկինում Սպորտի ու երիտասարդության հարցերի, իսկ հեղափոխությունից հետո՝ Արտակարգ իրավիճակների նախարարը, այսօր ափոփելով իր պաշտոնավարման 100 օրը, խոսեց նաև վերջերս գազալցակայաններում իրականացվող ստուգումներից։ Ըստ Ռոստոմյանի, Երևանում աշխատող գազալցակայանների մեծ մասում արձանագրվել էին թերություններ, ժամանակ էր տրվել դրանք վերացնելու համար, սակայն 12 տնտեսվարող չէին շտապել շտկել հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումներն ու ըստ այդմ կասեցվել էր նրանց գործունեությունը։

«Ազատությունը» նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այդ 12-ի մեջ եղել են նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և գործարար ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող լցակայանները։

Ռոստոմյանն արձագանքեց․ - «Այդ անունները տպագրված են: Ինչպես հասկացա, դուք լավ էլ ծանոթ եք, բոլոր էդ նշված քաղաքացիները սեփականատերեր են եղել տվյալ գազալցակայանների: Եթե ձեզ հետաքրքրում է հենց ուղիղ պարոն Ծառուկյանը, ապա այո, պարոն Ծառուկյանի մեկ գազալցակայանը նույնպես այդ ցուցակի մեջ է եղել, խնդիրները վերացվել են, և բացվել է»:

Նա վստահեցրեց, որ այս պահին մայրաքաղաքի բոլոր գազալցակայնները աշխատում են պետության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան՝ հավելելով, որ այժմ հերթը մարզերինն է։

Խոսելով մեկ այլ թեմայից՝ Ռոստոմյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է հակակարկտային հրթիռների ներդրման պիլոտային ծրագիրը։ Փորձել են ու պարզել, որ անգամ 4-րդ աստիճանի կարկտավտանգ ամպերի դեպքում այն տալիս է դրական արդյունք ու գործն ավարտվում է միայն հորդառատ անձրևով։

Պատկերացնելու համար, թե որքան արդյունավետ է գործում նոր համակարգը, նախարարը համեմատում է՝ 1 հրթիռը հավասար է հակակարկտային կայանների 10 կրակոցին։

Ռոստոմյանը խոստացավ, որ 2019-ից փակելու են հանրապետության մշակովի հողատարածքների 70 տոկոսը՝ այդ թվում Արարատյան դաշտը․ - «Արմավիրի մարզի 85 տոկոսը հաջորդ նույնպես պաշտպանված կլինի հրթիռային կայաններով: Գազագեներատորային կայանները երրորդ, չորրորդ ամպի դեպքում էֆեկտիվ չեն: Սա փաստ ա»:

Հարցին, թե արդյոք ի վերջո փորձաքննության ենթարկվեց Ծաղկաձորի այցեքարտը դարձած ճոպանուղին, որը շահագործումից ի վեր արդեն 14 տարի չէր գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, հետևաբար պետության կողմից փորձաքննություն չէր անցել։ Ռոստոմյանը ասաց, որ փորձաքննությունն ավարտվել է, այժմ ամփոփվում են արդյուքները։

Նշեմ նաև, որ Ծաղկաձորի ճոպանուղու բաժնետոմսերի մի մասը պատկանում է Օլիմպիական կոմիտեին՝ ի դեմս դրա նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG