Մատչելիության հղումներ

Ծառուկյանը որևէ մեկին չի հարվածել․ Իվետա Տոնոյան


Առջևի պլանում՝ Գագիկ Ծառուկյանը և Էդուարդ Բաբայանը, արխիվ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում երեկ երկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ընդ որում, ըստ տուժողի, իրեն առաջին հարվածները հասցրել է անձամբ Գագիկ Ծառուկյանը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության և տեսանյութի համաձայն, երեկ երեկոյան ժամը 9։30-ի սահմաններում ոստիկանությանը Արմենիա բժշկակական կենտրոնից հաղորդել են, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Վերջինս իրավապահներին պատմել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում ծագած վեճից հետո իրեն հարվածել է օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով նրան հարվածներ են հասցրել 46-ամյա Էդուարդ Բաբայանը ու ևս մեկ անձ, ում ինքնությունը ճշտվում է: Բաբայանը միջադեպից հետո անձամբ է ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Տուժողն իրավապահներին նաև հայտնել է, որ միջադեպին ներկա է եղել նաև Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը։

Քննչական կոմիտեն քիչ առաջ հաղորդեց, որ տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, և հանգամանքները պարզելու նպատակով որոշում է կայացվել՝ քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյա է։

Մինչ այդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց Ծառուկյանի մասնակցությունը միջադեպին։ «Ես բացառում եմ, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցություն ունենա այդ միաջդեպին։ Ես, իհարկե, ծանոթ եմ այդ մարդու հայտարարությանը, բայց քիչ առաջ նաև մամուլում աչքովս ընկավ նրա կնոջ հայտարարությունը, որ երեկ Օլիպիական կոմիտեում տեղի ուենցած միջադեպի ժամանակ իր ամուսինն ընկել է և ստացել մարմնական վնասվածք»,- ասաց Տոնոյանը։

Նա չմեկնաբանեց՝ արդյո՞ք քաղաքացին իսկապես բռնության է ենթարկվել Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի կողմից: Միայն նշեց, որ միջադեպին ներկա չի եղել, սակայն «միանշանակ է, որ Ծառուկյանը որևէ մեկին չի հարվածել»։

Մեծահարուստ գործարար պատգամավոր Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի մասին մամուլում բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ կան: Հանրությանը որպես «Ծառուկյանի Էդո» մականունով հայտնի տղամարդուն դեռ 2007 թվականին քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեղադրում էր իրեն ծեծելու մեջ: 2012-ին էլ, ըստ մամուլի հրապարակումների, Բաբայանը դաժան ծեծի էր ենթարկել միկրոավտոբուսի մի վարորդի։

Ըստ լրատվամիջոցների, երեկա ծեծկռտուքի գործով տուժողը պատանիների բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հայրն է՝ Վյաչեսլավ Հարությունովը։

Խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած՝ մեծությամբ երկրորդ՝ «Ծառուկյան» խմբակցությունը սատարեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրությանը թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլերում։ ԲՀԿ-ն ներկայացված է նաև Փաշինյանի կառավարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG