Մատչելիության հղումներ

Կառավարության որոշմամբ՝ Երևանի ավագանին ցրվեց


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ կրճատվեցին 2017-ի մայիսի ընտրություններով ձևավորված՝ Երևանի ավագանու լիազորությունները:

Որոշման նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետը շեշտեց՝ նոր ավագանու ընտրությունը դառնալու է նոր կառավարության օրոք կազմակերպված առաջին մասշտաբային ընտրությունը, հետևաբար՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով դրանք պետք է լինեն բացառիկ։

«Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունը ապահովելը: Եվ ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված․ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը»,- ասաց վարչապետը:

Ավագանու արտահերթ ընտրություններում պետք է բացառվեն ընտրակաշառքի դեպքերը: Իսկ եթե այդպիսիք լինեն, ապա պատիժը չի ուշանա, շարունակելով խոսքը, նշեց վարչապետը։ Նիստի մասնակիցներին Փաշինյանը նաև հիշեցրեց՝ կառավարության պարտավորությունն է՝ բացառել քաղաքացիների ազատ կամքի վրա ապօրինի ազդեցությունները։ «Ես իհարկե համոզված եմ, որ հենց այսպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ, որ որևէ մեկը, նկատի ունեմ հայտնի խմբերին և շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը: Եթե կտրվի, իր ընտրությունն է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ մարմինները, պետական մարմինները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետից հստակ հանձնարարական արդեն կա, իրավապահ համակարգն էլ ամբողջությամբ պատրաստ է կարգ ու կանոնը պահպանելուն, անօրինականությունները բացառելուն: Այս մասին էլ ասաց ոստիկանապետը։ Լրագրողներին ու քաղաքացիներին Վալերի Օսիպյանը վստահեցրեց՝ Հայաստանում լինելու է նախադեպը չունեցողը ընտրություն։

«Ազատության» հարցին՝ այլևս ընտրակաշառք չի՞ բաժանվելու, տեղյա՞կ են, թե ովքեր են նախկինում ընտրակաշառք բաժանողները, Օսիպյանը պատասխանեց. «Մենք չգիտենք, բայց կիմանանք, կկանխենք, իսկ լինելու դեպքում և՛ տվողը, և՛ վերցնողը, և՛ այն ոստիկանության աշխատակցի տեսադաշտում, որ այդ ամենը կկատարվի, կենթարկվեն պատասխանատվության»։

Երևանի քաղաքապետի աթոռը, հիշեցնեմ, թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Դրանից հետո ավագանին արտահերթ նիստ գումարեց, քաղաքապետի ընտրության օր նշանակեց, բայց քվորում չլինելու պատճառով ավագանին իր շարքերից քաղաքապետ այդպես էլ չընտրեց։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամկետն արդեն լրացել էր, այժմ մայրաքաղաքի ղեկավարին, նաև նոր ավագանուն, կընտրի հենց երևանցին։

Իսկ թե երբ, դա էլ կորոշի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ինչպես նախատեսում է օրենքը՝ կառավարության որոշման հրապարակումից հետո հանձնաժողովը նիստ է գումարում ու նշանակում ընտրության օրը՝ այն պետք է լինի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Վարչապետն այսօր նաև հետաքրքրվեց՝ ամեն ինչ պատրա՞ստ է 1 միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքում ընտրություն կազմակերպելու համար։ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն, ի պատասխան, վստահեցրեց՝ ամեն ինչ պատրաստ է:

Արտահերթ ընտրություններին ԿԸՀ-ում ևս արդեն նախապատրաստվել են։ Այժմ սպասում են, որ ուժի մեջ մտնի կառավարության այսօրվա որոշումը, որպեսզի նիստ գումարեն և ընտրության օրը նշանակեն։ Հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր չշտապեց հստակ ժամկետներ նշել, միայն ասաց՝ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի երկրորդ կեսին, կիրակի օրը։ Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին, ապա դրանք պարզ կդառնան ավելի ուշ, ասում է Սմբատյանն ու հավելում․

«Դեռ ո՛չ ընտրողների պաշտոնական քանակ ունենք, ո՛չ տեղամասերի: Կարող եմ ասել, որ Երևանի ավագանու անցյալ ընտրություններին 840 հազարից մի փոքր ավելի ընտրող է եղել ցուցակային, եղել է 475 ընտրատեղամաս: Ինձ թվում է՝ կլինեն մոտավորապես նույն թվերը»:

Հանձնաժողովի քարտուղարն ասում է՝ ընտրության օր նշանակելուց հետո կուսակցությունները մոտ 10 օր կունենան՝ առաջադրվելու ու գրանցվելու համար։ Քարոզարշավն էլ կտևի երկու շաբաթ։ Ի դեպ, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ավագանու պարագայում օրենքը չի պարտադրում ուղիղ հեռարձակում ապահովել տեղամասներից, այնպես որ՝ ըստ Սմբատյանի, տեղամասերում տեսախցիկներ, ամենայն հավանականությամբ, չեն տեղադրվի։

Նշենք, որ հինգ կուսակցություններ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ, արդեն բացահայտել են քաղաքապետի իրենց թեկնածուին: «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում կառաջադրի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, ՀՀՇ-ի ցուցակի առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG