Ջենովայում կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 43-ի:
Օգոստոսի 14-ին հուժկու քամու պահին փլուզվել են Իտալիայից Ֆրանսիա տանող ավտոմայրուղու վրա կառուցված կամրջի երկու հատվածներ, ինչի հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել են ավերակների տակ:
Օգոստոսի 19-ին փրկարարները փլատակներից դուրս են հանել մեքենայում զոհված մեկ ընտանիքի անդամների երեք դիակներ:
Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ կամրջի փլուզումը վկայում է երկրի ենթակառուցվածքների անմխիթար վիճակի մասին:
Կամրջի և ավտոճանապարհի այդ հատվածի շահագործման համար պատասխանատու «Իտալիայի ավտոմայրուղիներ» ընկերությունը խոստացել է 572 միլիոն դոլար հատկացնել կամուջը վերականգնելու, փլուզման հետևանքով հարևանությամբ գտնվող ավերված տները վերանորոգելու և տուժած ընտանիքներին ֆինանսապես աջակցելու համար:
Օգոստոսի 18-ին Իտալիայում տեղի են ունեցել կամրջի փլուզման զոհերի առաջին հուղարկավորությունները: