Մատչելիության հղումներ

Բոլթոն-Պատրուշև հանդիպումը՝ օգոստոսի 25-ին Ժնևում


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են բանակցել անվտանգության հարցերի շուրջ. օգոստոսի 25-ին Ժնևում հանդիպելու են անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Բոլթոնն ու Պատրուշևը քննարկելու են Սիրիայի ճգնաժամն և Իրաքին վերաբերող հարցեր, ինչպես նաև հումանիտար իրավիճակը Սիրիայում, այս մասին ABC հեռուստաընկերությանն ասել է Բոլթոնը։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է նաև, որ Վաշինգտոնում մտահոգված են այն հումանիտար վիճակով, որ այսօր առկա է Սիրիայում։ Բոլթոնը նշել է, որ ամերիկյան կողմն այդ հարցերն արդեն քննարկել է Իսրայելում և մտադիր է քննարկել նաև Ժնևում՝ ռուսական կողմի հետ։

Ըստ ԱՄՆ նախագահի խորհրդականի, Վաշինգտոնը մտադիր է շարունակել պայքարը ահաբեկիչների դեմ այդ տարածաշրջանում, քանի դեռ ամբողջովին չի ոչնչացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Բոլթոնը նաև նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել նրան, որ Իրան իր զորքերը դուրս բերի տարածաշրջանի երկրներից։

Ժնևում կայանալիք հանդիպմանն ամերիկյան կողմը կփորձի հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ կարելի է վերսկսել երկխոսությունը ռուսական կողմի հետ։

Դեռևս Հելսինկիում հունիսի 16-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել էին նման խորհրդակցություններ վերսկսելու մասին և այս շաբաթ կայանալիք բանակցություններն այդ պայմանավորվածության շրջանակներում են։

Բոլթոնն ընդգծել է նաև, որ մինչև Պատրուշևի հետ հանդիպելը նա հանդիպմանը քննարկվելիք հարցերի շուրջ խորհրդակցություններ է ունեցել թե՛ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի, թե պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։

Վաշինգտոնը մտադիր է վերականգնել անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի ձևաչափը։

Ռուսական կողմը սպասվելիք հանդիպման մասին տեղեկությունը նույնպես հաստատել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Պատրուշև-Բոլթոն սպասվելիք հանդիպումը, սակայն Ռուսաստանի անվտանգության քարտուղարությունն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ շաբաթավերջին Ժնևում նման հանդիպում լինելու է և, որ հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG