Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 2-ը օգոստոսի, 2018 թ.

Հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը: «Այդօրինակ շփումներ իրոք ծրագրգած են և տեղի կունենան»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նախօրեին Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը հաղորդել է, որ Բոլթոնը Ժնևում առանձին հանդիպումներ կունենա Իսրայելի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Սանդերսի փոխանցմամբ, Ջոն Բոլթոնը և Նիկոլայ Պատրուշևը կանդրադառնան նախագահներ Թրամփի և Պուտինի միջև Հելսինկիում հուլիսի 16-ին կայացած առաջին լիարժեք բանակցություններին հաջորդած զարգացումներին, կքննարկեն ազգային անվտանգության ոլորտում երկու երկրների համար հրատապ հարցեր:

Հելսինկիում երկու գերտերությունների ղեկավարներն ավելի քան երկու ժամ զրուցել էին դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, և միայն դրանից հետո են բանակցություններին միացել պատվիրակությունների մյուս անդամները:

Հելսինկյան հանդիպումից հետո ամերիկյան քաղաքական շրջանակները և մամուլը քննադատել են Թրամփին, նշելով, որ նա Մոսկվայի համար բարենպաստ տեսանկյունից է մեկնաբանել 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության թեման և ընդհանրապես՝ Պուտինից ավելի թույլ ղեկավարի տպավորություն է թողել:

Արդեն վերադառնալով Վաշինգտոն, Թրամփն ինքն իրեն ուղղել և լեզվի սայթաքումով է բացատրել իր հայտարարությունն այն մասին, որ չունի հիմքեր ռուսներին կասկածելու միջամտության մեջ ու շեշտել, որ ընդհակառակը՝ չունի հիմքեր չկասկածելու ռուսներին:

Վաշինգտոնում Թրամփն իր թիմին կարգադրել է կազմել այս տարվա աշնանը Միացյալ Նահանգներ Պուտինին հրավիրելու ծրագիրը, բայց օրեր անց հայտարարել է, թե Ռուսաստանի ղեկավարի հետ իր երկրորդ հանդիպումը նպատակահարմար կլինի անցկացնել այն ժամանակ, երբ կավարտվի ռուսների հնարավոր միջամտության հանգամանքների հետաքննությունը:

Մինչդեռ, այդ ընթացքում ամերիկացի օրենսդիրները մշակել և հրապարակել են Ռուսաստանի նկատմամբ նոր՝ բավականաչափ խիստ պատժամիջոցների փաթեթ, որը ենթադրում է մի շարք հիրավի կոշտ քայլեր՝ ռուսական պետական պարտատոմսերի հետ գործառույթների խիստ սահմանափակում, Ամերիկայի տարածքում ռուսական պետական որոշ բանկերի գործունեության արգելք, Ռուսաստանի էներգետիկ և կարևոր այլ ոլորտներում ներդրումների սահմանափակում, ինչպես նաև Ռուսաստանին երկակի նշանակության տեխնոլոգիաներ փոխանցելու արգելք:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օրերս ասել է, թե ամերիկացիների կողմից այսօրինակ պատժամիջոցների ընդունումը կնշանակի «տնտեսական պատերազմի հայտարարում», որին Մոսկվան կպատասխանի քաղաքական, տնեսական և հարկ եղած դեպքում՝ այլ միջոցներով:

Ամերիկյան այդ նախաձեռնությունն արդեն բավական ծանր հարված է հասցրել ռուսական տնտեսությանը, էապես թուլացրել է ազգային արժույթը՝ ռուբլին:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը հուլիսի վերջին ասել է, թե Թրամփ-Պուտին երկրորդ հանդիպումը հնարավոր է անցկացնել 2019 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG