Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Երևանի «Հանրապետության» հրապարակում, 17-ը օգոստոսի, 2018 թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Երևանի «Հանրապետության» հրապարակում, 17-ը օգոստոսի, 2018 թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վարչապետի հրաժարականից բացի՝ խորհրդարանը ցրելու այլ հնարավորություն էլ ստեղծվի: Երեկ Հանրապետության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց, թե հակառակ դեպքում, իր հրաժարականից հետո, Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետականը կարող է այլ վարչապետի ընտրել՝ տապալելով խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Դուք գիտեք, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսեք ինչ է կատարվում. ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է այս պահին, որ ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, ասենք, օրինակ՝ չասեմ ում»,- հանրահավաքում հայտարարել էր Փաշինյանը:

«Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- նաև ասել էր վարչապետը, մանրամասնելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ «Քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:

Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ին ընդունված Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխությունները, բացառությամբ մայր օրենքի առանցքային մի շարք հոդվածների, կարող են ընդունվել առանց հանրաքվեի, Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Գործող խորհրդարանի դեպքում դա մոտ 70 պատագամավոր է, այսինքն՝ առանց Հանրապետականների «կողմ» քվեարկության, նախագիծը չի ընդունվի: Մայր օրենքում փոփոխություններ նախաձեռնելու իրավունք ունի նաև կառավարությունը: Եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

«Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» և էլի նույն խորհուրդն եմ տալիս»,- երեկ ասել էր Փաշինյանը:

Բազմահազար համակիրների առջև հանրահավաքում ունեցած իր ելույթում նա նորից վստահեցրեց՝ «մարտի 1-ի» պատասխանատուները պատժվելու են․ այս գործով մեղադրյալի աթոռին հայտնված Ռոբերտ Քոչարյանին վարչապետը հակադարձում էր անուղղակիորեն՝ առանց երկրորդ նախագահի անունը տալու:

«Հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որպես քաղաքական հետապնդումների զոհ: Որևէ մեկը չի հարցնում՝ որ քաղաքական հետապնդումների զոհ եք, բա հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե՞ ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու և հաթաթա տալու ձևերը չգիտենք․․․

Բայց դա չի նշանակում, թե որևէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից: Առավել ևս ուզում եմ հստակ ընդգծել, որ բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի [2008 թ․] մարտի 1-ին 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան, նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նրա գնահատմամբ, «մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով արդեն բացահայտված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG