Մատչելիության հղումներ

Լեզվի կոմիտեն աշխատելու է նոր սկզբունքներով․ Դավիթ Գյուրջինյան


ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան

Այս տարվա հունիսի սկզբին ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվեց, նախարարության կազմում ստեղծվեց Լեզվի կոմիտե, որի նախագահ նշանակվեց անվանի լեզվաբան, հարյուրավոր գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ Դավիթ Գյուրջինյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց՝ 1993-ին ընդունվել էր «Լեզվի մասին օրենքը», հետո էլ ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, որն էլ պիտի հետևեր այդ օրենքի կիրառմանը: Եվ ահա, հիմնադրումից 25 տարի անց, տեսչությունը վերակազմավորվեց կոմիտեի, որին նոր գործառույթներ են վերապահվել: Ավելին՝ կոմիտեն աշխատելու է «նոր սկզբունքներով»:

«Լեզվական իրավիճակն է փոխվել: Եթե մենք 1990-ականների սկզբին ունեինք հետխորհրդային շրջան ռուսերենի գերիշխանությամբ՝ բազմաթիվ դպրոցներում, համալսարական բաժիններում, հիմա ունենք համատարած հայախոսություն, օտարալեզու դպրոցներ քիչ ունենք, և դա սահմանափակված է»,- ասաց Գյուրջինյանը:

Նախկին «տուգանային քաղաքականությունից», որը, Գյուրիջինյանի խոսքով՝ բոլորովին էլ արդյունավետ չէր, Լեզվի կոմիտեն այսուհետ գործունեության շեշտադրումը փոխելու է, անցնելով «կանխարգելիչ, քարոզչա-հորդորական քաղաքականության»: Օտարալեզու ցուցանակների գործածման կանխարգելումն ավելի արդյունավետ կարող է լինել, ասում է կոմիտեի նախագահը․

«Ոչ թե սպասենք, որ շենքի վրա դա հայտնվի ու հետո հանելը գրեթե անհնարին լինի, այլ այն պահին, երբ դա պիտի գրանցվի, պիտի արտոնեն, դա չանեն: Մեր աշխատանքն այդ քարոզչա-հորդորական աշխատանքը պետք է լինի, և ուղիղ հարաբերություններ պետք է լինեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի նրանք յուրահատուկ լեզվական տեսուչների դեր կատարեն, օտարագիր անվանումներն ուղղակի արգելեն: Տուգանելը միշտ կա, պարզվում է, դրանով մենք արդյունքի չենք հասել»:

Լեզվի կոմիտեն, իհարկե, շարունակելու է վերահսկողություն իրականացնել, բայց հիմնական նպատակը, Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ «պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի և ծրագրի ընդունումն է»:

Ծայրահեղությունների մեջ չեն ընկնելու, չեն պատրաստվում ամեն ինչ արհեստականորեն հայացնել, նշում է Լեզվի կոմիտեի ղկավարը: Պատասխանելով լրագրողի հարցին, նա ասաց․ ««Դուխով»-ը մենք չենք հայացնելու, դա չենք կարող հայացնել, որովհետև հասարակությունն ինքը պիտի դա անի: Հասարակությունը սիրում է այդ բառը, մենք ինչու՞ պիտի պայքարենք դրա դեմ, երբ դա 40 տոկոսով հայերեն է, «ով»-ի շնորհիվ, որը բառակերտիչ արժեք ունի»:

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արվեստի տարբեր ճյուղեր՝ գրականություն, թատրոն, նաև կինո ու հեռուստատեսություն է ներթափանցել ժարգոնային հայերենը, իբրև առօյա խոսակցական լեզու: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք այդ կապակցությամբ կոմիտեն որոշակի քայլեր է նախաձեռնելու, թե դա անհնար է, Դավիթ Գյուրջինյանը պատասխանեց․

«Անհնար չէ, պիտի ասեմ, որ մարդիկ չհասկանցան, թե ինչ է ազատությունը: Սա ազատության չարաշահման դեպք է, և այդ հակամշակույթը, որ թափվում է մեր գլխին, դրան հասարակությունը պարբերաբար ընդդիմանում է: Եթե ուշադիր լինեք, նման հակամշակութային ֆիլմերի, հաղորդումների թիվը պակասել է: Եթե հասարկոթյունը մերժի, դրանք կվերանան»:

Անդրադառնալով դպրոցական շտեմարաններին, հարցարաններին և առհասարակ՝ դպրոցում հայերենի ուսուցման արդյունավետությանը, Լեզվի կոմիտեի ղեկավարն ասաց․ «Այդ շտեմարանները և հարցաթերթիկները սպառել են իրենց, դրանք կապ չունեն կամ սերտ կապ չունեն դպրոցական ուսոցման հետ և չեն բավարարում այսօրվա պահանջներին: Դրանք պիտի փոխվեն»:

please wait

No media source currently available

0:00 0:06:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG