Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում դեռ քննարկվում է Խաչատուրովի հարցը․ ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար


Յուրի Խաչատուրով, արխիվ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը շարունակում է քննարկվել, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը, Երևան, 14-ը օգոստոսի, 2018 թ․
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը, Երևան, 14-ը օգոստոսի, 2018 թ․

Խաչատորովի հարցն օրերս կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Ղազախսատանի Ակտաու քաղաքում երկու օր առաջ կայացած՝ Կասպիական տարածաշրջանի երկրների գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Ռուսաստանի ղեկավարին՝ ասել էր․ «Քննարկման ենթակա բոլոր հարցերից մեզ համար հատկապես խնդիր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը»: Վլադիմիր Պուտինն, ի պատասխան, նշել էր, թե քննարկելու շատ հարցեր կան, որոնք առնչվում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա մեծ օրակարգին ու ծրագրերին: «Կան նաև խնդրահարույց հարցեր, որոնցից է ձեր հիշատակածը»,- նաև ասել էր Ռուսաստանի նախագահը:

Ինչու՞ է Յուրի Խաչատուրովի հարցը խնդրահարույց դարձել՝ այսօր հարց ուղղեցինք Աննա Նաղդալյանին: «Նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական-դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև ապահովել, երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնականոն գործունեության անխափանությունը, Հայաստանը նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ, որոնց մասին բազմիցս տեղյակ ենք պահել հանրությանը:

Մնացած հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում տարբեր մակարդակներում քննարկումների: Իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես գիտեք, պետք է հաստատավեն ՀԱՊԿ խորհրդի կողմից: Այդ ամբողջ զարգացումների և արդյունքների վերաբերյալ մեր հանրությունը կտեղեկացվի»,- պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը:

2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին «մարտի 1-ի» գործի շրջանակներում այս հուլիսի 27-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց: Նա չի ընդունում այդ մեղադրանքը: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Յուրի Խաչատուրովն արդեն Հայաստանից մեկնել է Մոսկվա և շարունակում է կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ․ ապրիլի 14-ից: Հարցին՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի այլ թեկնածություններ այժմ քննարկվու՞մ են, Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «Մենք նախաձեռնել ենք փոփոխման գործընթացը, մնացած հարցերը ներքին քննարկումների ոլորտում են: Արդյունքների մասին մենք տեղյակ կպահենք»:

Նաղդալյանն անդրադարձավ նաև Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա, ասելով․ «Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG