Մատչելիության հղումներ

Իրանի տնտեսական խնդիրների պատճառը նաև ներքին կառավարման սխալներն են. Այաթոլլա Ալի Խամենեի


Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի տնտեսական խնդիրների պատճառը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլ նաև ներքին կառավարման սխալները։ Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։

«Անարդյունավետ կառավարումն ավելի մեծ ճնշում է գործադրում սովորական իրանցիների նկատմամբ, քան պատժամիջոցները», - հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Իրանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվել ամերիկյան պատժամիջոցների պատճառով, որոնք սառեցվել էին 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի շրջանակներում, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնը միջուկային համաձայնագրից դուրս բերելու մասին որոշումից հետո, դրանք նոր թափով վերականգնվեցին:

Պատժամիջոցների հետևանքով կտրուկ արժեզրկվել է իրանական ազգային արժույթը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է բողոքի ցույցերի երկրի մի շարք քաղաքներում:

Անդրադառնալով բանակցային սեղանի շուրջ նստելու մասին Սպիտակ տնից հնչող հայտարարություններին, Իրանի հոգևոր առաջնորդն այսօր հայտարարել է, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն չի վարի։

«Պատերազմ չի լինի, բայց մենք նաև բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ», - Խամենեիի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG