Մատչելիության հղումներ

Գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդի սպանության համար․ ՔԿ


Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել գիշերային ակումբի տնօրենին:

28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին վաղ առավոտյան Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքները՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, «նույն գիշերային ակումբի տնօրենն է՝ ծնված 1984թ.», շարժառիթը:

«Պարզվել է, որ երիտասարդն օգոստոսի 6-ի վաղ առավոտյան «Վարդա» գիշերային ակումբի մոտ վիճաբանել է նույն ակումբի տնօրենի հետ՝ գիշերային ակումբ մուտք գործելու հետ կապված, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Միջադեպի ժամանակ 28-ամյա երիտասարդը և ակումբի տնօրենը դանակով հարվածներ են հասցրել միմյանց, որի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածներից 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ ակումբի տնօրենը, կտրած-ծակած վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն», - ասված է հաղորդագրությունում:

Գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG